2020 թ.-ին նվազագույն ամսական աշխատավարձը 55 000-ից կդառնա 68000 դրամ
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծում կազմում են 27 մլրդ 65 մլն դրամ, կամ ընթացիկ տարվա համար պլանավորված ցուցանիշից ավել 3 մլրդ 423.9 մլն դրամով (ընթացիկ տարվա 23,641 մլն դրամի դիմաց), որը փաստացի բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է և կազմում է ընդհանուր ծախսերի 22.4 %-ը:
2020 թ.-ին նվազագույն ամսական աշխատավարձը 55 000-ից կդառնա 68000 դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, «ԱՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկմանն ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ հատկացվող գումարների ավելացումը հիմնականում պայմանավորված է 2020 թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմամբ, որի համար լրացուցիչ տրամադրվել է 1 մլրդ 195.7 մլն.դրամ: Մասնավորապես՝ աշխատանքային և զինվորական կենսաթոշակները հաշվարկելու համար հիմնական բազային կենսաթոշակի չափը 2020 թ.-ին կհասցվի 18.000 դրամի` 2019 թ.-ի 16.000 դրամի դիմաց, կամ աճը կկազմի 12.5 %:
Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի առաջին տասը տարվա համար նախատեսվում է սահմանել 950 դրամ՝ 800 դրամի դիմաց, դրանով պայմանավորված աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 2020 թ.-ին կկազմի 47.300 դրամ` 2019 թ.-ի 43.200 դրամի դիմաց, որի արդյունքում ավելի քան 23500 թոշակառուների կենսաթոշակները կբարձրանան միջինում 10 %-ով:
Ա. Հարությունյանը նշել է, որ 2020 թ.-ին Արցախում նախատեսվում է նաև բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը, որը կկազմի 68000 դրամ` 2019 թ.-ի 55000 դրամի դիմաց (աճը` 23.6 %): Նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացմամբ կավելանան պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող շուրջ 6500 վարձու աշխատողների աշխատավարձերը և պետական բյուջեից այդ նպատակի համար լրացուցիչ կհատկացվի 1 մլրդ 55.6 մլն դրամ, իսկ ընդհանուր առմամբ նվազագույն աշխատավարձի բարձրացումը նեռարյալ մասնավոր հատվածը կընդգրկի շուրջ 15000 վարձու աշխատող, որոնց հավելյալ ստացվելիք եկամուտը տարվա կտրվածքով կկազմի ավելի քան 2.5 մլրդ.դրամ: