Հավատարմագրվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը
Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբն այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 14-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է լինելու՝ գնահատելու բուհի գործունեությունն ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։
Հավատարմագրվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում են ՈԱԱԿ-ից՝ այցի օրերին փորձագետները հանդիպումներ կունենան բուհի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների, ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, կիրականացնեն փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։
Մինչև բուհ այցելությունը փորձագետներն ուսումնասիրել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ինքնավերլուծությունը, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը, իրականացրել նախնական գնահատում։ Իսկ այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որտեղ կմատնանշեն բուհի խնդիրները և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։
Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում փորձաքննություն իրականացնող խմբի ղեկավարն է ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղամ Կարոյանը։
Խմբի մյուս անդամներն են Վարշավայի համալսարանի և Պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր, Բարձրագույն կրթության հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի (ECA) ֆինանսական կոմիտեի անդամ Մստիսլավ Սոխան, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ծաղիկ Հովհաննիսյանը, Արցախի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մինասյանը և ՀԱԱՀ ուսանող Ալա Ավագյանը։
Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: