Ամերիկահայ պատմաբան Արամ Արքունը կներկայացնի Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը ԱՄՆ-ում
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում հոկտեմբերի 22-ին տեղի կունենա մեթոդաբանական սեմինար:
Ամերիկահայ պատմաբան Արամ Արքունը կներկայացնի Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը ԱՄՆ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեմինարն անց է կացնելու ամերիկահայ պատմաբան, հայագետ, խմբագիր-թարգմանիչ, Թեքեյան մշակութային միության գործադիր տնօրեն, «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը:
Նա հանդես է գալու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը Միացյալ Նահանգներում և ցեղասպանության թեմայի լուսաբանումը ամերիկահայ մամուլում» թեմայով դասախոսությամբ:
Արամ Արքունը հայ ժամանակակից պատմության մասնագետ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ է, թարգմանել է նաև գրքեր և հոդվածներ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով: Արքունն ավարտել է Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ), ունի միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում Փենսիլվանիայի համալսարանից, ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայության գիտությունների թեկնածու է: Նա դասավանդել է Նյու Յորքի, Կալիֆորնիայի և Միչիգանի Էն Արբորի համալսարաններում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների՝ մեթոդաբանական սեմինարների շարք: