Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքում այսօր տեղի է ունեցել նոր համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Կենտրոնը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ Սարգիս և Հայկուհի Մարանճեանների ու Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ:
Խնձրիստանում բացվել է համայնքային կենտրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բացման հանդիսավոր արարողությանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շնորհավորել է գյուղի բնակչությանը նման կառույց ունենալու համար` նշելով, որ այն աշխուժացնելու է համայնքի կյանքը:
«Համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրը հաջողված է, քանի որ համայնքային կյանքը պետք է աշխուժացնել, և համայնքին միայն տնտեսապես օգնելը գյուղի բոլոր խնդիրները չի լուծում: Հավաստիացնում եմ, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Արցախի կառավարության հետ, և գոհ ենք այդ համագործակցությունից»,- ասել է Հ. Արշամյանը:
Այնուհետև հիմնադրամի գործադիր տնօրենն ընթերցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի ուղերձը, ով առողջական խնդիրներով պայմանավորված, չէր կարողացել ներկա գտնվել համայնքային կենտրոնի բացմանը:
Ուղերձում Մ. Մկրտիչյանը նշել է, որ այսօր Տորոնտոյի տեղական մարմինը ևս մեկ պարտականություն ավարտին հասցրեց Արցախի տարածքում:
«Այս մեկը մեր 64-րդն էր, և մենք այն կոչում ենք «Կյանքի կենտրոն», որը մի տանիքի տակ է բերում բժշկական կենտրոնը, գրադարանը, արվեստի սրահը, գյուղապետարանը և հանդիսասրահը: «Կյանքի կենտրոնը» նվիրում ենք գյուղի հերոս Բեկոր Աշոտի հիշատակին: Շնորհակալություն եմ հայտնում կառույցը կերտող բոլոր շինարարներին, հիմնադրամի տնօրենին և ճարտարապետներին, ովքեր հսկեցին շինարարական աշխատանքները»,- ասված է Մ. Մկրտիչյանի ուղերձում:
Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանն էլ նշել է, որ վերջին տարիներին Արցախում իրականացվող համազգային ամենաարդյունավետ ծրագրերից մեկը համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրն է:
«Համայնքային կենտրոնների կառուցումը թույլ է տալիս մեր բնակավայրերում լուծել մի շարք համալիր խնդիրներ: Բազմաթիվ հայրենակիցներիս նման ես ևս միշտ հպարտացել եմ իմ ծննդավայրով, սակայն Արցախյան ազատամարտը կտրուկ փոխել է Խնձրիստան գյուղի ընդհանուր կերպարը: Այս գյուղը նաև Արցախի հերոս Բեկոր Աշոտի, Մարտական խաչ շքանշանի ասպետներ Ալիշ Բեգլարյանի, Ներսես Ղուլյանի, Ռաֆիկ Ավանեսյանի, Հենրիխ Միրզոյանի, Մհեր Պողոսյանի, Մարատ Ավանեսյանի, Դավիթ Բեգլարյանի և մի քանի տասնյակ զոհված ազատամարտիկների հայրենի գյուղն է, և այսպիսի հերոս գյուղը արժանի է, որպեսզի ամեն տարի իրականացվեն ծրագրեր»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:
Խնձրիստանցիների անունից երախտիքի խոսք է ասել համայնքի ղեկավար Արթուր Ավանեսյանը` նշելով, որ հոյակերտ կառույցը նոր շունչ և ոգի կհաղորդի բոլորին: Ա. Ավանեսյանի խոսքով` նման կենտրոն ունենալը խնձրիստանցիների երազանքն էր վաղուց:
Համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարներ, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: