Հեղինակավոր Los Angeles Times պարբերականն անդրադարձել է ԼՂ-ում պատերազմի օրերին ամերիկյան Ֆրեզնո քաղաքի հայ համայնքի կյանքին, նրանց ապրումներին և իրենց հայրենիքի՝ Հայաստանի հետ ունեցած հարատև կապին։
«Երբ իմացան՝ Արցախի մեծ մասն իր հնագույն եկեղեցիներով ու վանքերով հանձնվելու է Ադրբեջանին, համայնքին պատեց մեծ կսկիծ ու ցավ»․ Los Angeles Times-ի անդրադարձը Ֆրեզնոյի հայ համայնքին
«Ֆրեզնոն դարձել էր 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի թիկունքը։ Իրենց երեխաներին հայկական դպրոց բերող մայրերի աչքերն ամբողջ գիշեր լացելու հետևանքով կարմրած ու ուռած էին։ Ամեն օր քաղաքում կազմակերպվում էին բարեգործական վաճառքներ»,- գրում է Մարկոմը։
Հոդածագիրը նաև նշում է, որ «ամերիկյան շատ քաղաքաներում հայ համայնքը բողոքի ցույցեր էր անցկացնում՝ պահանջելով պատերազմին ԱՄՆ-ի միջամտությունը, սական նախագահական ընտրությունների, համավարակի և քաղաքացիական անկարգությունների պայմաններում նրանց ձայնը լսելի չդարձավ»։
Անդրադառնալով պատերազմի ելքին ու նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությանը՝ հոդածագիրը նշում է, որ երբ հայերն իմացան, որ Արցախի մեծ մասն իր հնագույն եկեղեցիներով ու վանքերով հանձնվելու է Ադրբեջանին և տեսան Շուշի քաղաքի վրա ծածանվող ադրբեջանական դրոշի լուսանկարները, համայնքին պատեց մեծ կսկիծ ու ցավ: