Google ընկերությունն ԱՄՆ Կոլորադո նահանգի Կապիտոլիումի շենքի տարածքը, որում 6 ամիս առաջ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել, ավելացրել է իր քարտեզում։
Կոլորադոյի Կապիտոլիումի տարածքում խաչքարի բացումից հետո այդ տարածքը ներառվել է Google Maps-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ այդպիսով՝ Կոլորադոն Հայոց ցեղասպանությունը խաչքարի հուշարձանով իր Կապիտոլիումի տարածքում հավերժացրած ԱՄՆ առաջին նահանգն է դարձել։
Հոկտեմբերի 20-ին Google Maps-ի թիմը տեղեկացրել է «Կոլորադոյի հայեր» կազմակերպության՝ խաչքարի հարցերով հանձնաժողովի ղեկավար Սիմոն Մաղաքյանին, որ «Կապիտոլիումի շենքի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի այգին ներառվել է քարտեզում»։
Որպես կազմակերպության հանձնաժողովի ղեկավար՝ Մաղաքյանը նախաձեռնել էր Կապիտոլիումի շենքը խաչքարի հուշարձանով զարդարելու ուղղությամբ ջանքերը։
Խաչքարը բացվել է 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը։ Այն բացել են Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերը և «Կոլորադոյի հայեր» կազմակերպության ղեկավարները։
Կապիտոլիումը, որը տարեկան ունի 250.000 այցելու, մի քանի նշանակալի իրադարձություններ է հիշատակում իր տարածքում։ Կոլորադոյի մեծահոգի արձագանքը Հայոց ցեղասպանությունը վերապրածներին օգնելու հարցում հիշատակվել է խաչքարն ուղեկցող հուշատախտակին։
Կոլորադոյի Կապիտոլիումի խաչքարն ավելացել է արդեն գոյություն ունեցող Հայոց ցեղասպանության հուշարձանի այգում, որը «Կոլորադոյի հայեր» կազմակերպությունը հիմնել է 1982 թվականին և վերանորոգել է 2015-ին։
Կոլորադոյի խաչքարը պատրաստվել է Հայաստանում Վարազդատ Համբարձումյանի (Վարպետ Վարո) կողմից: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և ՀԵՀ-ի հայտարարած մրցույթի շրջանակներում: Դա միջնադարյան Ջուղայի խաչքարի կրկնօրինակ է, որոնք ոչնչացվել են ադրբեջանական բանակի կողմից 2005 թվականի դեկտեմբերին:
«Հայոց ցեղասպանության հուշարձանի այգու ներառումը Google Maps-ում անգամ ավելի շատ այցելուներ կբերի տարածք»,- նշել է «Կոլորադոյի հայեր» կազմակերպության նախագահ Սոնա Հեդեշյանը։
«Մենք կհավաքվենք այգում մոմավառության համար 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն ամփոփելու, Ջուղայի խաչքարերի ոչնչացման 10-րդ տարելիցը հիշատակելու և բոլոր ցեղասպանությունների վրա լույս սփռելու համար»,- հավելել է նա։