Արցախում օրթոպեդիկ վիրաբուժության զարգացման համար նոր սարքավորումներ կբերվեն. ֆրանսիահայ բարերար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր նստավայրում այսօր՝ հունվարի 22-ին, ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին և պարգևատրել «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Արցախում օրթոպեդիկ վիրաբուժության զարգացման համար նոր սարքավորումներ կբերվեն. ֆրանսիահայ բարերար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարգևատրումից հետո Ժան-Միշել Էքերյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր համար մեծ պատիվ է Արցախի նախագահի կողմից նման մեդալի արժանանալը:
Ֆրանսիահայ բարերարի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Ըստ Ժան-Միշել Էքերյանի՝ ինքն Արցախ է գալիս տարին 3-4 անգամ և ամեն տարի նոր սարքավորումներ և դեղորայք է նվիրաբերում ԱՀ բուժհաստատություններին:
«Երեսուն տարի անընդմեջ Արցախ գալով՝ ես միայն ոգևորվել եմ արցախցիների տոկոնությամբ, կամքի ուժով ու նպատակասլացությամբ: Տարեցտարի նկատում եմ, որ Արցախում առողջապահության ոլորտը զարգանում է: Ուրախ եմ, որ Արցախի գյուղական բնակավայրերում ևս գործում են բժշկական հիմնարկներ, և անհրաժեշտության դեպքում գյուղաբնակները կարողանում են ստանալ առաջին բուժօգնություն: Եթե Արցախում գործող հիվանդանոցները համեմատենք զարգացած երկրների բուժհաստատությունների հետ, պետք է ասեմ, որ պայմանների առումով համարյա տարբերություն չկա»,-ավելացրել է Ժան-Միշել Էքերյանը:
Նա տեղեկացրել է, որ այս այցի շրջանակներում «Արևիկ» մանկական բուժմիավորմանը նվիրատվության կարգով տրամադրել է պոլսօքսիմետր-Masimo սարք, ինչպես նաև «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի ուռուցքաբանական ծառայությանն է նվիրաբերել լապորոսկոպիկ սարքի օպտիկա:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ Արցախի օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտի զարգացման համար նախատեսում է նոր սարքավորումներ ձեռք բերել: