Հաշվի առնելով Ասկերանի շրջանային բուժմիավորման անմխիթար վիճակը, այս տարի նախատեսում ենք շրջկենտրոնում սկսել նոր հիվանդանոցի կառուցման աշխատանքները:
Ասկերանը նոր հիվանդանոց կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի՝ Ասկերանի հիվանդանոցի վերաբերյալ հարցմանը, ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ նոր բուժմիավորումը շահագործման կհանձնվի 2020 թվականին:
Նախարարն ավելացրել է, որ 2019 թվականին նախատեսվում է համակարգի բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավում և այլ շրջանային հիվանդանոցային բուժօգնության հաստատությունների արդիականացում. կշարունակվի նաև Ստեփանակերտի հանրապետական ծննդատան նոր շենքի կառուցման աշխատանքները:
«2018 թվականին ԱՀ պետական բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 345 մլն 739 հազար դրամ։ Նախորդ տարի ավարտել ենք հասցրել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի տարածքում հենապատի և հեղեղատար կոյուղու կառուցման, «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերության շենքի ներքին լուսավորության փոխարինման աշխատանքները: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում իրականացվել է նաև համակարգչային տոմոգրաֆիայի ռենտգենային ճառագայթների որոշ սենքերի վերանորոգման աշխատանքներ»,-ավելացրել է ոլորտի պատասխանատուն։