Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը Հայաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին է, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ:
Լաբորատորիաները ՀՀ-ինն են և քաղաքացիական բնույթ են կրում, այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով երեկվանից քննարկման թեմա դարձած, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բանակցվող օտարերկրյա զինծառայողների բացակայության վերաբերյալ փաստաթղթին, գրում է Tert.am-ը:
«Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
«Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկի ու սպառնալիքի տեսանկյունից թափանցիկ կլինի»,-հայտարարել է արտգործնախարարը:
Այսօր արդեն Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով թեմային, ասել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև իսկապես կա «երկխոսություն»՝ բիոլաբորատորիաների հարցերով և ոչ միայն Հայաստանի, այլ նաև նախկին Խորհրդային Միության անդամ այլ երկրների հետ: