Artsakhpress

Քաղաքական

Համայն հայությունը պետք է միավորի ջանքերը Արցախի ճանաչման ուղղությամբ. Արթուր Թովմասյան

Արցախի ու Հայաստանի իշխանությունները և ողջ հայ ժողովուրդը պետք է աշխատանքներ տանի Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչպես ժամանակին կազմակերպվեց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Համայն հայությունը պետք է միավորի ջանքերը Արցախի ճանաչման ուղղությամբ. Արթուր Թովմասյան

Համայն հայությունը պետք է միավորի ջանքերը Արցախի ճանաչման ուղղությամբ. Արթուր Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ ամփոփելով Արցախի անկախության հանրաքվեին հաջորդած 27 տարիները:
«1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, մինչև այդ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել էինք անկախությունը: Քվեարկության համար ընտրվեց դեկտեմբերի 10-ը, որովհետև այն մարդու իրավունքների պաշտպանի օրն է, իսկ Արցախի ժողովրդի իրավունքները մշտապես ոտնահարված են եղել՝ Ադրբեջանի ԽՍՀՄ-ի կազմում: Մեր ժողովրդի ավելի քան 99 տոկոսը դեկտեմբերի 10-ի հանրաքվեին՝ «այո» է ասել անկախությանը:
Որպես անկախ պետություն՝ մենք ոչ միայն տարածաշրջանի, այլ ընդհանրապես բոլոր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության կողմնակից ենք, ինչի մասին նշված է նաև անկախության հռչակագրում: Ցավոք, այս տարիների ընթացքում բացի Հայաստանի Հանրապետությունից հարաբերություններ ենք կարողացել հաստատել միայն չճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունների, ինչպես նաև, ԱՄՆ-ի մեկ տասնյակից ավելի նահանգների հետ: Արտաքին քաղաքականության մեջ հաջողություններն այնքանով սահմանափակվում են, սակայն մենք շարունակում ենք աշխատանքներն այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Արթուր Թովմասյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ազատ է, և իրենք փորձում են ամեն կերպ օգտագործել այդ հարթակը. «Այսօր բանակցությունները տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացով պետք է զբաղվեն կառավարությունները, իսկ ճանաչման գործընթացով՝ օրենսդիր մարմինը»:
Թովմասյանը նկատեց, որ հայ իրականության մեջ գերակշռում է այն տեսակետը, որ եթե Արցախը ճանաչվի, պատերազմն անխուսափելի կլինի: «Մինչև 2016 թվականի ապրիլի 2-ը, այսինքն, մինչև ապրիլյան պատերազմը, կային քաղաքական գործիչներ, ովքեր կիսում էին այդ տեսակետը, և համաձայն չէին ինձ հետ: Սակայն տեսանք, որ առանց Արցախի ճանաչման էլ եղավ ապրիլյան պատերազմ:
Ըստ իս՝ համայն աշխարհի հայության ջանքերի համատեղմամբ, մենք պետք է հասնենք Արցախի ճանաչման, ինչպես եղավ ցեղասպանության ճանաչման պարագայում: Մինչև առաջին պետության՝ Ուրուգվայի կողմից ճանաչումը, մեր իրականության մեջ էլի կային մտածողներ, որ եթե որևէ պետություն ճանաչեց Հայոց ցեղապսանությունը, ապա Թուրքիան՝ այս կանի, այն կանի: Բայց մենք տեսանք, որ ընդհակառակը, մի քանի տասնյակ պետությունների կողմից ցեղասպանության ճանաչման միջոցով մենք Թուրքիային ցույց տվեցինք իր տեղը: Կարծում եմ՝ նույն գործընթացը պետք է տարվի նաև Արցախյան հարցի պարագայում: Մեր՝ Արցախի և Հայաստանի գործադիր ու օրենսդիր մարմինները, մեր հայրենակիցները, եթե աշխատեն այս ուղղությամբ, և հասնեն մի քանի տասնյակ պետությունների կողմից Արցախի ճանաչման, Ադրբեջանին ցույց կտան իր տեղը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ միացման հարցին, Արցախի խորհրդարանի պատգամավորը նկատեց՝ աշխարհում չկա մեկ հայ, որ չերազի միացյալ Հայաստանի մասին, սակայն այս պահին Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է միայն անկախության պայմաններում:
«Մենք ունենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, ըստ որի՝ Արցախն ու Հայաստանը վերամիավորվել են: Այսօր ունենք դե ֆակտո ազատ Արցախ, բայց դե յուրե չունենք այդ անկախությունը: Երբ միջազգային հանրության կողմից կճանաչվի Արցախի անկախությունը, արդեն երկու հայկական պետություններն ու ժողովուրդը կորոշեն՝ ունենա՞նք երկու պետություններ, թե՞ վերամիավորվենք: Սակայն այս հարցը հրատապ կդառնա միայն Արցախի անկախության ճանաչումից հետո: Կարծում եմ՝ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը միացյալ Հայաստանի կողմնակից է, սակայն դա ապագան ցույց կտա»,- ասաց նա:
Արթուր Թովմասյանը նաև նշեց, որ այսօր Արցախը մասնակիորեն դուրս է բանակցային գործընթացից, թեև չկա մի տարի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չայցելեն Արցախ և չխոսեն այն առաջարկների մասին, որ հիմա դրված են սեղանին: «Ի պատիվ Արցախի բոլոր նախագահների՝ միշտ էլ իրենք կարողացել են Արցախի ժողովրդի տեսակետը հայտնել համանախագահող երկրներին: Մեր նախագահները արժանապատիվ խաղաղության կողմնակից են, ոչ թե պարտադրված»,- ասաց նա:
Թովմասյանը նկատեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ է այսօր Արցախի հարցի մասին խոսելիս նշում, որ Արցախը՝ որպես հակամարտող կողմ, պետք է վերադառնա բանակցություների սեղան: «Փաշինյանը նաև նշում է, որ Արցախի հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ոչ թե բանակցությունները տանող անձերի մոտ, այլ Ստեփանակերտում: Առանց ժողովրդի կարծիքի չի լինելու Արցախյան հարցի լուծում: Այդպես էին մտածում նաև Հայաստանի նախկին նախագահները, և նրանք չէին կարող միանձնյա որոշումներ կայացնել»,- ասաց Արթուր Թովմասյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search