Քաղաքաշինության ոլորտում կապիտալ ներդրումները կկազմեն ավելի քան 18մլրդ դրամ՝ արձանագրելով աննախադեպ ցուցանիշ
Վերջերս ԱՀ Ազգային ժողովը հավանության է տվել քաղաքաշինության նախարարության կապիտալ ներդրումների պետական պատվերը 3մլրդ 300մլն դրամով ավելացնելուն առնչվող օրենքի նախագծին: Այդ գումարների հաշվին հնարավոր է լինելու ավարտել կիսատ մնացած մի շարք կարևոր ծրագրեր։
Քաղաքաշինության ոլորտում կապիտալ ներդրումները կկազմեն ավելի քան 18մլրդ դրամ՝ արձանագրելով աննախադեպ ցուցանիշ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15նոյեմբերի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ ընթացիկ տարվա սկզբին Արցախի կառավարության որոշմամբ հաստատված կապիտալ ներդրումների պետական պատվերը կազմում էր 14մլրդ 200մլն դրամ: Տարվա ընթացքում ծրագիրը երկու անգամ փոփոխության է ենթարկվել` ավելացվելով նախ 500, ապա ևս 350 մլն դրամի չափով։ Եթե գումարենք նաև վերոնշյալ 3 մլրդ 300 մլն դրամը, ապա 2018 թվականի կապիտալ ներդրումները կկազմեն 18մլրդ 350 մլն դրամ: Սա աննախադեպ թիվ է. սկսած 2008թ.-ից՝ նման չափով կապիտալ ներդրումների ծրագիր չի նախատեսվել։ Այդ հատկացումներով կլուծվեն հանրապետությունում առկա հրատապ բազմաթիվ խնդիրներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 3մլրդ 300մլն դրամ գումարն ուղղվելու է տարվա ընթացքում տարաժամկետ վճարման պայմանով բնական աղետների հետևանքով հասցված վնասների վերացմանը և շինարարության ոլորտում կատարվող այլ աշխատանքների դիմաց վճարումներին: Գումարի մեծ մասը` 2մլրդ 140մլն դրամ, բաժին է ընկնում ճանապարհների կառուցմանը, վերանորոգմանը, Ստեփանակերտի փողոցների բարեկարգմանը և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքների ֆինանսավորմանը։
Շուրջ 160մլն դրամ գումար ուղղվելու է բնակավայրերի ջրամատակարարման աշխատանքների ֆինանսավորմանը: Մի քանի բնակավայրերում արդեն ընթանում են ջրային ցանցի կառուցման աշխատանքները: Դրանց թվում են Մարտունու շրջանի Վարանդա, Հերհեր, Ծովատեղ գյուղերը: Բոլորովին վերջերս Ֆրանսիայի հայրենակիցների համաֆինանսավորմամբ սկսվել է նոր ծրագիր, որի շրջանակներում Ասկերանի շրջանի Դաշուշեն, Քռասնի և Այգեստան գյուղերում ջրային ցանցի կառուցման աշխատանքներն են ընթացքում:
150մլն դրամ ուղղվելու է բնակարանաշինության ոլորտին: Առաջնահերթությունները կտրվեն սոցիալական խոցելի խավերին` բարելավելով նրանց բնակարանային պայմանները: Այս տարի ուժեղ քամու հետևանքով մեծ վնաս է հասցվել ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ այլ բնակավայրերի շենք-շինություններին, վնասվել են հիմնականում տանիքները։ Աղետի հետևանքով հասցված վնասը գրեթե վերացվել է: Դրա համար օգտագործվել են պահուստային միջոցներ, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների ռեսուրսները: 92մլն դրամ կտրամադրվի այդ աշխատանքների դիմաց գոյացած պարտավորությունների մարմանը։ 100 մլն դրամ կուղղվի հանրապետությունում բավականին պահանջված շինանյութերի տրամադրման ծրագրին: Այս տարի առաջին անգամ ճանապարհային սպասարկման գործում կներգրավվեն շրջվարչակազմերը: Վերոնշյալ գումարից 260մլն դրամ կտրվի շրջաններին` ճանապարհների բարեկարգման, սպասարկման, սանմաքրման, կանաչապատման, ջրամատակարարման աշխատանքներ իրականացնելու նպատակով: