Եգիպտական Շարմ էլ Շեյխի օդանավակայանից բրիտանացի զբոսաշրջիկների տեղափոխող առաջին օդանավերն արդեն վայրէջք են կատարել Լոնդոնի «Գաթվիկ» և «Լութոն» օդանավակայաններում։
Շարմ էլ Շեյխից Բրիտանիա է վերադարձել զբոսաշրջիկների առաջին խումբը. հանգստավայրի օդանավակայան են ուղարկվել հատուկջոկատայիններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները՝ հավելելով, որ հայրենիք է վերադարձել մոտ 1.500 բրիտանացի։
Բացի այդ, 9 չվերթերից 7-ը, որոնք EasyJet-ը մտադիր էր իրականացնել դեպի Շարմ էլ Շեյխ, ստիպված հետաձգվել են եգիպտական իշխանությունների պահանջով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Սպասվում է, որ հանգստացողներին կարող են տեղափոխել այսօր։ Ներկայում Շարմ էլ Շեյխի օդանավակայանում են գտնվում հազարավոր բրիտանացի զբոսաշրջիկներ։ Ենթադրվում էր, որ ուրբաթ հանգստավայրը կարող է լքել մոտ 4.000 բրիտանացի, ինչի համար գրանցվել էր 29 չվերթ։ Սակայն ավելի ուշ եգիպտական քաղաքի օդանավակայանից հայտնել են, որ կարող են սպասարկել միայն 8 չվերթ, ինչի պատճառով Monarch Airlines և Thomas Cook ավիաընկերությունների որոշ օդանավեր ստիպված են եղել անմիջապես օդում հետ շրջվել և վերադառնալ Բրիտանիա։
Ի դեպ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Եգիպտոսի իշխանությունները Շարմ էլ Շեյխի օդանավակայան են ուղարկել հատուկջոկատայինների։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ հատուկջոկատայինների մի քանի մեքենա է ուղարկվել օդանավակայան՝ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Իրենց թռիչքները դեպի հանգստավայր արգելել են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների իշխանությունները։ Պատճառը մտավախությունն է, որ Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին ռուսական ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել ահաբեկչությունը։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։