Artsakhpress

Մշակույթ

Դադիվանք. պաշարված ծառայություն

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Քարվաճառի (Քելբաջար) շրջանը, որտեղ գտնվում է նաև Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Դադիվանք վանական համալիրը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Հայ առաքելական եկեղեցուն հաջողվեց շարունակել ծառայությունը շրջափակման մեջ գտվող վանքում։

Դադիվանք. պաշարված ծառայություն

Դադիվանք. պաշարված ծառայություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմից հետո հոգևորականները Դադիվանք են մեկնում և ամիսներով այնտեղ մնում՝ առանց անվտանգության երաշխիքների։ Ավելի քան երկու տարի նրանք ապրում են շրջափակման մեջ։ Պատերազմից ամիսներ անց՝ 2021-ի գարնան վերջերին, Ադրբեջանը դադարեցրեց համագործակցությունը ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ միակողմանի փակելով վանքի մուտքը հայ քրիստոնյաների համար։ Մինչ այդ սահմանափակ թվով ուխտավորներ կարողանում էին մասնակցել կիրակնօրյա պատարագներին:
Վերականգնում
Մոնթե, Պարգև Սրբազան, Հովսեփ Հովսեփյան, Արթուր Ալեքսանյան, Նորայր Դանիելյան, Վրթանես Սրբազան, Մորուք Ռաֆո․․․ իր մարտական ընկերներին է թվարկում Տեր Հովհաննեսը։ Լինելով Գանձասարի վանահայրը,1993-ին նրանց հետ է մասնակցել Դադիվանքի համար ընթացող մարտերին։
«Երբ մտանք, այդ ամբողջ վանական համալիրը մսուրի էր վերածված․ անասուն էին պահում այնտեղ, և մոտ կես մետր գոմաղբ էր։ Տղաների հետ մաքրեցինք, կամաց-կամաց սկսեցինք քարը քարի վրա դնել»,- հիշում է Տեր Հովհաննեսը։ Վանքի ամբողջական վերականգնումը սկսվեց 2015-ից, երբ Արցախի թեմը Տեր Հովհաննեսին ուղարկեց Դադիվանք որպես վանահայր՝ այն վերականգնելու հորդորով։ Այստեղ նա ծառայեց 5 տարի։ Հոգևորականը պատմում է, որ վանքի վերականգմանը մասնակցել են բոլորը՝ հասարակ ժողովրդից մինչև բարերարներ ու զինվորներ։
«Այդպես պատմական Դադիվանքը դարձավ իսկական գործող վանական համալիր՝ ուր մեր հայորդիները մկրտվում և պսակվում էին։ Ամեն կիրակի պատարագ էր մատուցվում։ Մեկ տարուց՝ 2016-ից արդեն, մեծ Սուրբ Նշան եկեղեցին գործում էր»։
Լուսանկար 1.jpg (1.08 MB) 
[Լուսանկարի նկարագրությունը] Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցին արևմուտքից աղբյուրը՝ ՀՃՈւՀ
1- 1993 թ, լուսանկարը՝ Ս Կարապետյանի 2- 2007թ, լուսանկարը՝ Ս. Այվազյանի
Դադիվանքն Արցախում երբևէ կառուցված 1300-ից ավելի վանքերից և եկեղեցիներից մեկն է՝ առանձնակի նշանակությամբ։ Դա բացատրում են թե 4-րդ դարի մատուռի, թե Դադիի սուրբ մասունքների առկայությամբ։
Դադիվանքն ունի 4 եկեղեցի, նաև 7 մատուռ, որոնք վանքի շրջակայքում են, բայց հիմնական տարածքից դուրս։
Շրջափակում
Լուսանկար 2.jpg (608 KB) 
2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ՝ Քարվաճառը Ադրբեջանին պիտի հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն, կողմերի համաձայնությամբ, ժամկետը երկարացվեց ևս 10 օրով։ Նոյեմբերի 25-ին Տեր Հովհաննեսը, ենթարկվելով կաթողիկոսի հրամանին, լքեց Դադիվանքը։
«Նոյեմբերի 24-ի գիշերն էր, բարձր կարգադրությամբ՝ Վեհափառ հայրապետն ասաց՝ պիտի դուրս գաս։ Ասացի՝ «չէ, Վեհափառ տեր, ես ինչպես խոստացել էի, նոյեմբերի 15-ին դուրս չեկա, 25-ին էլ դուրս չեմ գա, մի քանի օր հետո կգամ»։ Ասաց՝ «ես քեզ ասում եմ՝ շուտ դուրս եկ, վերցրու ընտանիքդ և դուրս եկ»։

Սոթք բարձրացող ճանապարհը լիքն էր ադրբեջանական բեռնատարներով և զինվորական մեքենաներով։
«Մեր դիմացով գնում էին, մենք էլ իրենց արանքով էինք անցնում։ Եկա, ու սահմանի դռները փակվեցին։ Եթե իմանային, որ ես և իմ ընտանիքը երկու մեքենայով էինք, իրենց համար մեծ պատառ կլինեինք, ցանկալի պատառ», - վերհիշում է Տեր Հովհաննեսը։
Մայր Աթոռի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ տեղեկանում է, որ այլևս իրավունք չունի վերադառնալու․ իր կյանքին վտանգ է սպառնում։
«Անբացատրելի մի պահ ապրեցի, - հոգոց է հանում, - այսքանը»․․․
Լուսանկար 3.jpg (4.92 MB)
Նոր հերթափոխին նա խորհուրդ է տալիս՝ վանքը պահպանել այնպես, ինչպես իրենց է փոխանցվել, ադրբեջանցիներին թույլ չտալ մտնել և պղծել։
«Դա այն սրբատեղին է, որ հայ քրիստոնյան պիտի մտնի ու աղոթի, դա մերն է, մեր սրբությունը, թե արյան գնով, թե ինչպես, պահել, պաշտպանել ենք այդ եկեղեցին, այսօր էլ մերն է Դադիվանքը»:
Փոխարինում
Լուսանկար 4.jpg (525 KB) 
Պատերազմից անմիջապես հետո 24-ամյա Տիգրան սարկավագ Հակոբյանը Մայր Աթոռում էր, երբ իմանում է, որ տարածքը հանձնվել է, բայց վանքը՝ մնացել։ Այդ ժամանակ ծառայում էր Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Խաչ եկեղեցում։
«Տեղեկացա, որ Վեհափառ Հայրապետը մտադիր է Դադիվանք ուղարկել հոգևորականների՝ կամավորական սկզբունքով։ Քանի որ այնտեղ մեր ծառայությունը բերելու կարիքը կար՝ ցանկացա միանալ նրանց։ Ըստ իս, հոգևորականի ծառայությունը լավագույնս պիտի դրսևորվի նման վայրերում, և ինձ առիթ էր ընձեռվել նման ծառայություն մատուցելու»։
Դադիվանքի միաբանները տարհանման ժամանակ օգնում էին գյուղացիներին և վանք այցելող բազմաթիվ ուխտավորներին։ Նրանք էին, որ նախապատրաստեցին Դադիվանք մեկնող հոգեվորականներին ծառայության դժվարություններին և հոգևոր խնդիրներին։
«Հոգևորականի ծառայությունն ինձ համար նախ կարևորվում է մարդկանց ծառայելով․ իմ անձը փրկելու կամ ինչ-որ տեղ առանձնանալու մասին մտածելով չէ, որ ընտրել եմ այս ուղին, այլ հոգևորական դառնալն ինձ համար բացառիկ հնարավորություն էր ծառայելու նրանց, ում ես սիրում եմ՝ իմ ժողովրդին»,- ասում է եկեղեցականը՝ նշելով, որ իր համար Դադիվանքում գտնվելն այդ ծառայության կատարյալ վիճակն էր։
Սարկավագը հույս ուներ, թե դա մարդկանց համար կդառնար չհանձնվելու նշան․ «Մենք ունենք ամեն ինչից վեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով իր անձը տվեց բոլորիս համար։ Դադիվանքում լինելը հնարավորություն էր ինչ-որ չափով նմանվելու այդ կերպարին, նրան, ում մենք բոլորս ենք փորձում նմանվել, դա իհարկե մեծ պատիվ էր։ Նաև մի կողմից մեր ողջ քրիստոնեական պատմության ընթացքում մեր վանքերն են մեր ինքնությունը պահել, եղել մեր պահապանը, այստեղ բացառիկ հնարավորություն էր ստեղծվել մենք մեզնով մեր վանքը պահելու»։
Տիգրանը երկու անգամ է Դադիվանք մեկնել ծառայության․ 2020-ի նոյեմբերին` մեկ ամսով և 2021-ի մարտին՝ 8 ամսով։ Սարկավագը հիշում է առաջին օրը․
«Շատ ցուրտ օր էր, ձյուն էր գալիս, նոյեմբերի 28-ն էր։ Շատ անսովոր էր, երբ տարածքով նախկինում ազատ երթևեկում ես, իսկ հետո․․․»։
Լուսանկար 5.jpg (490 KB)
Իսկ հետո, երբ հասել են վերջին գյուղին, իրենց են միացել խաղաղապահները՝ ուղեկցող մեքենաներով, բայց ամենից անսովորը եղել է այն, որ սահմանին ադրբեջանցիներն իրենց կանգնեցրել և ստուգել են։ 
Լուսանկարը՝ Դավիթ Գալստյանի
«Նախ այդպիսի առերեսում էլ չէր եղել մինչ այդ, և այն գիտակցումը, որ ընդամենը օրեր առաջ դա քոնն էր, և հիմա քոնը չէ, և որպես հյուր ես գնում քո տարածք, քո հայրենիք, բնականաբար անորոշություն և լարվածություն էր ստեղծում, որովհետև այնտեղ, որտեղ հնարավոր էր՝ ադրբեջանցի զինվորներ էին։ Երբ արդեն մտանք վանքի տարածք, այդտեղ արդեն մի քիչ հանգիստ զգացինք մեզ, որովհետև արդեն ոչ միայն պաշտպանված էինք ռուս խաղաղապահների կողմից, նաև ադրբեջանցիներն այդտեղ մուտք չունեին»։
Լուսանկար 6.jpg (564 KB)
Մինչև պատերազմը Տեր Հովհաննեսի ամեն օրն սկսվում էր աղոթքով, շարունակվում՝ ժողովրդի հետ հանդիպումներով և շինարարությամբ։ Դադիվանքում դեռ աշխատում էին 3 շինարարական խումբ, վերջնական վերականգնելուն մնացել էր մոտ մեկ տարի։
Տիգրան սարկավագի սովորական օրը լի էր կենցաղային հարցերով։
«Առօրյայում ամեն ինչ մեզ վրա էր՝ և՛ ուտելիք պատրաստելը, և՛ մնացած տեխնիկական հարցերը, կենցաղային պայմաններ ապահովելը։ Ինչ-որ մեզնից էր կախված, հերթապահությամբ անում էինք, մնացածն ըստ վանական համալիրների հոգևոր կարգի՝ օրական ժամերգություններ, կիրակնօրյա պատարագներ, առավոտյան վաղ արթնանալ, պատրաստվել ժամերգության․ ըստ կարգի, երկու ժամը մեկ ժամերգություն էր լինում։ Յուրաքանչյուրս ինչ-որ գործի պատասխանատուն էինք, ինչպես վանական կյանքում»։
Լուսանկար 7.jpg (19.28 MB)

Լուսանկար 8.jpg (196 KB)
Լուսանկար 9.jpg (100 KB)
Լուսանկար 10.jpg (296 KB)
    Լուսանկարը՝ Տիգրան սարկավագի անձնական արխիվից
    Սնունդը շաբաթը մեկ ուղարկում էր Արցախի թեմը։ Մատակարարման խնդիրներ լինում էին։ Չկար հոսանք, ջուր։ Հոսանքը Տիգրանի ծառայության ժամանակ ապահովվում էր գեներատորով, իսկ ջուրը՝ պոմպով։
    Տաքանում էին փայտ վառելով և հոսանքով աշխատող տաքացուցիչներով։
    Լողանալու համար ջուրը տաքացնում էին թեյնիկով և էլեկտրական ջրատաքացուցիչով։
    Եղել են դեպքեր, որ հոգևորականներն օրերով զրկված են եղել թե՛ սննդից, թե՛ էլեկտրաէներգիայից և թե՛ ջրից։
    Մինիմալ պայմաններ կային, բայց, Տիգրանի ասելով, յուրաքանչյուր պահի կարող էր դա էլ չլինել։
    Ազատ ժամանակ հիմնականում զբաղվում էին ընթերցանությամբ, գրքերն ուղարկում էին Էջմիածնից, բայց այնտեղ էլ գրադարան ունեին։ Երբեմն էլ ռուս խաղաղապահների հետ էին զրուցում։
    «Իրենց համար նախ բացառիկ հնարավորություն էր այդքան մոտ լինելու հոգևորականներին, նաև շատ հաճախ իրենք էին նախաձեռնում մեզ հետ զրույցը, և էական չէր՝ ինչ թեմայով կսկսվեր խոսակցությունը՝ քաղաքականությունից, թե այլ թեմայից, միևնույն է, անպայման ավարտվում էր հոգևոր թեմայով», - շարունակում է սարկավագը։
     Լուսանկար 11.jpg (227 KB)
    Խաղաղապահները զարմացած էին․ իրենք այս պայմաններում ծառայելու եկել էին հրամանով, իսկ եկեղեցականները՝ կամավոր։
    Վանականները հարազատների հետ հազվադեպ էին զրուցում՝ հիմնականում տեղեկացնելու համար, որ ամեն ինչ կարգին է։
    «Կապի խնդիր կար։ Այն հիմնականում պահում էինք ռուսների միջոցով, այսինքն ռացիաների և այլն․ անհրաժեշտության դեպքում շատ արագ կապ էինք հաստատում թեմի առաջնորդի, ընդհուպ մինչև Վեհափառ հայրապետի հետ, եթե հարցը լուրջ էր»։
    Կենցաղն առաջնային դժվարությունը չէր, Դադիվանք մեկնելուց առաջ յուրաքանչյուրը գիտեր, թե ինչպիսին է այն լինելու։
    «Լվացք անել չգիտեի, սովորեցի, ճաշ եփել՝ նույնպես, առհասարակ, այնտեղ բոլորիս համար անձնական որակներ բացահայտելու մեծ հնարավորություն էր։ Պարզվեց՝ մեր սարկավագներից մեկը հրաշալի խոհարարական հմտություններ ունի, մինչ այդ ընդհանրապես չէր պատրաստում։ Ձեռք բերեցինք նաև այլ կարևոր որակներ՝ համբերատար լինել, ցանկացած վտանգի դեպքում պահել հանգստությունը և ավելի հաշտ լինել ինքներս մեզ հետ»։
    Լուսանկար 12.jpg (138 KB) 
    Լուսանկարը՝ Հայր Ներսեսի անձնական արխիվից
    «Շատ ավելի ճնշող էր հոգեբանական իրավիճակը․ Երբ դուրս ես գալիս, շուրջդ այրված տներ են, և գիտակցում ես, որ ընդամենն օրեր առաջ հայ ընտանիքներ էին ապրում այդտեղ։ Իսկ այն տներում, որոնք չէին այրել, թշնամին է ապրում, և ամեն տեղ ադրբեջանական դրոշներ են։ Բարդ էր նաև գիտակցելը, որ քեզ ոչ թե պաշտպանում են քո երկրի զինված ուժերը, այլ՝ օտարներ։ Ամենաբարդ հոգեբանական վիճակն էր, նույնիսկ երբեմն չէինք ուզում դուրս գալ, որ դա չտեսնեինք»։
    Ասում է՝ սկզբից ճնշող էր նաև լռությունը՝ սպասողական, յուրաքանչյուր շարժ կարող էր ինչ-որ բան նշանակել, հետո սովորական դարձավ։
    «Որպես այդպիսին անհատական մենություն չկար, որովհետև շատ փոքր տարածքում շատ քանակով մարդիկ էինք, և երևի թե անհրաժեշտությունն էլ չկար, որովհետև թե՛ մենք՝ միայն հոգևորականներս, թե՛ խաղաղապահները, մի ընտանիքի պես էինք և իրար լրացնում էինք, կարելի է ասել»։
    Սարկավագն ասում է՝ այնտեղ չէին կարող զայրանալ, կարող էին մտածել՝ ինչու այդպես եղավ․ «Անհատապես գտնել մեղավորությունը, գուցե և պատճառները․ ոչ թե փնտրել դրսում, այլ յուրաքանչյուրս մեր մեջ։ Եվ դա ոչ թե զայրացնում էր, այլ ավելի մտածել էր տալիս ապագայի մասին, թե ինչ պիտի անենք, որ չկրկնվի այս ամենն ու վերականգնվի այն, ինչ մենք ունեինք», - ասում է սարկավագը։
    «Այնտեղ քո մաշկի վրա զգում ես թուլությունը հայրենիքիդ, զգում ես․․․ դա շատ առումներով նաև ոգեշնչող էր, պարտադրող, որպեսզի ավելի ուժեղ լինենք, ավելի ամուր լինենք»։
    Տիգրան սարկավագ
    Մտորումների հետ աշխարհից մեկուսացված լինելով՝ ընկերակցում էին կենդանիներին։
    Լուսանկար 13.jpg (471 KB)
    Լուսանկար 14.jpg (124 KB)
    Լուսանկար 15.jpg (392 KB) 
    Մինչ տարածքի հանձնելը և գյուղի հայաթափվելը, որոշ գյուղացիներ իրենց կենդանիներին չէին տարել։ Իրենք էլ, ռուս խաղաղապահներն էլ հատուկ վերաբերմունք ունեին չորքոտանիներ նկատմամբ։ Հիշում է՝ խաղաղապահները նույնիսկ հատուկ դեղեր էին ձեռք բերել, բուժել շներին։
    Իսկ իրենք կատու էլ ունեին՝ բնավորությամբ․ «Ճիշտն ասած տարիքով ծեր էր, և ավելի շատ կարծում էր, թե ինքն է մեզ պահում, որովհետև գրեթե ամեն օր մուկ էր բերում. երկու հատ բերում էր, մեկն ինքն էր ուտում, մեկը թողնում էր մեզ, մուկ, չղջիկ, թռչուն․․․ Այդպես հոգ էր տանում մեր մասին, մեր սենյակում էր մնում, առօրյայի իր մասնաբաժինն ինքն ապահովում էր»։
    Տիգրան սարկավագի խոսքով՝ ուխտագնացությունները խոչընդոտվում էին տարբեր պատրվակներով․ «Սկզբում ասացին, թե ճանապարհն է փլվել, երթևեկելի չէ, հետո համավարակը պատճառ բերեցին, և հետո ուղղակի բացահայտ փակեցին»։
    Լինում էին դեպքեր, երբ ուխտավորները դուրս էին գալիս, բայց այդպես էլ Դադիվանք չէին հասնում։ Ինչ-ինչ պատրվակներով ադրբեջանցիները նրանց հետ էին ուղարկում։
    «Դրա համար մինչև չէին գալիս, չէին հասնում մեզ, մենք չէինք սկսում Սուրբ պատարագը, ու այդ սպասումը ունեինք, որովհետև իրենցով, կարելի է ասել, միատարր, միագույն օրերը ինչ-որ նոր գույն էին ստանում»։ Հոգևորականը նշում է, որ ուխտավորները նաև նորություններ էին բերում «դրսի աշխարհից»։
    Հերթափոխ
    Ասում է, որ նույնիսկ ցանկության դեպքում չէին կարողանա նկարահանել, քանի որ ո՛չ ժամանակ ունեին, ո՛չ՝ հնարավորությունը։ Ռուս խաղաղապահները և ադրբեջանցի զինվորականները ներսում հետևում էին իրենց։
    Տեր Հովհաննեսը ասում է, որ հոգևոր հոտի ներկայությունը առանցքային նշանակություն ունի հոգևորականի համար, քանի որ երբ նա պատարագի ժամանակ շրջվում է դեպի ժողովուրդը, հոգին ուրախանում է․ «Մենք միշտ ուզում ենք, որ մեր եկեղեցիները, մեր վանքերը գոնե կիրակի օրերը մեր հավատավոր ժողովրդով լեփ լեցուն լինեն»։
    Շրջափակման պայմաններում վանք այցելած ուխտավորներից մեկի՝ Էրիկ Աղաջանյանի խոսքով՝ շատերը գնում են վանք որպես հին և պատմական շինություն, բայց կան բազմաթիվ քրիստոնյաներ, որ շտապում են վանքում «Աստծուն պաշտելու»։
    Նրա խոսքով` եկեղեցականները մեծ զոհողությունների են գնում այստեղ մնալով. իրենք իրենց զրկել են «մարդկային խաղաղ կյանքից, թույլատրելի հաճույքներից», մնում են այստեղ մի նպատակի համար, որ առ Աստված ամեն օր աղոթք բարձրացնեն։
    Լուսանկար 16.jpg (5.77 MB) 
    Էրիկ Աաղաջանյանը
    Լուսանկարը՝ Ա․Ներսեսյանի
    Թեև 2021 թ․ գարնանից հայ ուխտավորների մուտքը Դադիվանք փակվեց, բայց Էրիկը բացառիկ հնարավորություն ունեցավ 2022-ին՝ Քրիստոսի Հարության տոնին, այցելել վանք։ Սակայն այդ այցն էլ առանց խոչընդոտների չանցավ։
    «Զատիկի օրն ենք գնացել, մի քանի օր առաջ տեղեկացվել ենք, որ ցանկացողները կարող են գրանցվել ու գնալ։ Մոտ 60 հոգի պիտի գնային, դիմողները միանշանակ շատ էին, բայց արդեն մի օր մնացած կրճատեցին թիվը», - պատմում է Էրիկը՝ նշելով, որ ուխտավորների թիվը նվազեցրեցին 30-ի։
    Վանք ուղևորվել էին երկու մեքենայով։ Էրիկը կնոջ հետ էր։Կրոնական բավարարվածությանը զուգահեռ, որոշ չափով գտել էր նաև այլ հանգստություն, քանի որ կարողացել էր նորից այցելել մի վայր, որ «արգելված վայր է, բայց իրենը»։
    Նրանց խմբի մեջ էր նաև մի կին, որն առաջին անգամն էր Դադիվանքում։ Գնացել էր, մտածելով, որ կարող է Դադիվանքն էլ երբեք չտեսնի։
    «Ուղեկցող խաղաղապահները հենց սկզբից զգուշացրին, որ հեռախոսներով նկարահանումներ չանենք, քանի որ ադրբեջանական կողմի պայմանն էր դա, և խնդրեցին հետագա բարդություններից խուսափելու համար հեռախոսները թողնենք մեքենաների մեջ։ Մարդիկ կային՝ վերցրեցին, բայց, ամեն դեպքում, չօգտագործեցին», – պատմում է նա։
    Ուխտավորներն անհանգիստ էին՝ ադրբեջանական վերահսկողության տարածքում էին և չգիտեին՝ ինչ կարող է պատահել։
    «Պոստերից մեկի մոտ թուրք (նկատի ունի՝ ադրբեջանցի - հեղ․) բարձրաստիճան սպան ասաց՝ ավտոբուսը բացեք, ես հաշվեմ։ Չգիտեմ՝ ինչ նպատակով, բայց, ամեն դեպքում, պահանջեց՝ ինքը տեսնի՝ քանի հոգի ենք և հետ դառնալուց էդ նույն բարձրաստիճան սպան նորից պահանջեց, որպեսզի նորից հաշվի։ Ենթադրում եմ, որ մտածում էր՝ կարող է այնտեղ ինչ-որ մեկը մնացել է։ Այդ ադրբեջանցի բարձրաստիճան սպան և՛ գնալուց, և՛ գալուց փորձում էր մեզ սիրաշահել․ երկու անգամ շնորհավորեց Զատիկի տոնը։ Իսկ մեկնելուց ռուսերենով ասաց․ «Հույս ունեմ, որ մյուս անգամ կարող եք հանգիստ գալ, արդեն այդ «պոստերը» չեն լինի, և հանգիստ կգնաք, կգաք»։ Ենթադրում ենք, որ դա նշանակում էր՝ արդեն ադրբեջանական տարածք կլինի, մենք էլ՝ իրենց ժողովուրդը, ու էլ նման բարիերների (խոչընդոտների) չեք հանդիպի»։
    Այնուամենայնիվ, կնոջ խոսքով՝ ինչքան էլ ադրբեջանցին փորձել է ցույց տալ, թե բայրացկամ են, երևում էր, որ կեղծ էին․ «Երբ մենք հետ էինք գալիս ավտոբուսով, պոստերում ուրիշ ադրբեջանցիներ էին, բավականին չարացած նայում էին, ավտոբուսում քննարկվեց, որ հոգեբանական գրոհ են անում, որ մեզ վատ զգանք»։
    Մոմավառության և պատարագին մասնակցող բոլոր ուխտավորները լալիս էին․ «Այն տպավորությունն էր՝ կարծես այցելես գերության մեջ գտնվող մտերիմիդ, հարազատ տեղ, Մայր տաճար և ունես հաշված րոպեներ», - խորը շունչ է քաշում կինը։ Հիշում է՝ եկեղեցականները նույնպես հուզվել էին։

    Նա պատմում է, որ ռուս խաղաղապահները հետևել են, որ անախորժություն չլինի։ Պատմում է, որ ուխտավորներն այնտեղից քարեր են հավաքել, ամեն մեկը փորձել է մի մասնիկ բերել։
    Ուխտագնացները ռուս զինվորականներից հարցրել են՝ արդյոք կարո՞ղ են հեռվում գտնվող ծառից ճյուղ տանել իրենց հետ։ Խաղաղապահները կտրել են ճյուղեր ու փոխանցել ուխտավորներին, քանի որ այն կողմ անցնելը վտանգավոր էր։
    Լուսանկար 17.png (1.97 MB) 
    Լուսանկարը՝ ուխտավորի՝ Դադիվանքից բերած հիշատակի քարերից բաժին հասավ նաև մեզ (հեղ․)
    Դեմ առ դեմ
    Տեղաշարժը վանքի տարածքում խիստ կանոնակարգված էր՝ միայն պատերից ներս։
    Լուսանկար 18.jpg (28.02 MB) 
    «Դադիվանքի պարիսպներից դուրս համարվում էր Ադրբեջանի տարածք, և, այնտեղ դուրս գալու դեպքում, հրաման ունեին կրակ բացելու, հետևաբար, մենք տարածքից դուրս գալ չէինք կարող», - ասում է Տիգրան սարկավագը։
    Միաժամանակ ադրբեջանցիներին արգելված էր մտնել վանքի տարածք, միայն՝ հատուկ թույլտվությամբ։ Թույլտվություն, օրինակ, ստանում էին ուտիների* այցի ժամանակ, սակայն մուտքը լինում էր առանց զենքի և միայն այն վայրեր, որտեղ թույլատրելի էր բոլորին։
    *Ադրբեջանական քարոզչամեքենան Դադիվանքը ներկայացնում է իբրև իր երկրի տարածքում բնակվող ազգային փոքրամասնություն քրիստոնյա ուտիների պատմական ժառանգություն և պատերազմից հետո այնտեղ ուտիների խմբեր է ուղարկում ուխտագնացության պատրվակով։
    Սարկավագի պատմելով՝ ադրբեջանցիների դիրքեր տանող ճանապարհն անմիջապես վանքի պարսպի կողքով էր անցնում։ Երբեմն ցուցադրաբար գոռում, ագրեսիվ վերաբերմունք էին ցուցաբերում։
     Լուսանկար 19.jpg (1010 KB)
    Երբ Քարվաճառի տարածքը նոր էր հանձնվել, ադրբեջանցիները շատ մեծ խմբով հավաքվում էին տեսանելի մի վայրում, պարսպին շատ մոտ՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել։ Բայց շուտով տեսան, որ դա եկեղեցականների վրա չի ազդում։

    Տիգրանը պատմում է, որ միանգամ հոգևորականներից մեկը վատ է զգացել, խաղաղապահների հրամանատարը դիմել է ադրբեջանցիներին` նրան տեղափոխելու համար, բայց ադրբեջանցիներն արգելել են։
    «Այսինքն նրանք մեզ չէին կարող վնասել ներսում, բայց թույլ չէին տալիս դուրս ու ներս անել իրենց տարածքով»։
    Տեր Հովհաննեսի խնդրանքով՝ ռուս խաղաղապահները տեղակայված էին վանքի տարածքում և դրանից դուրս։
    «Մենք մեր աղոթքն էինք անում, իսկ իրենք՝ իրենց ծառայությունը։ Եղել է զինվոր, որ եկել է, մի քանի օր մնացել և ինձ առաջարկել իրեն մկրտել Դադիվանքում, և ես մկրտել եմ Սրբազանի թույլտվությամբ, և ինքը դարձել է մեր եկեղեցու զավակ»,- հիշում է 2020 թվականի նոյեմբերին դեռ վանահայր Տեր Հովհաննեսը։
    Տիգրան սարկավագն իր հերթին է հիշում․ «Չնայած խաղաղապահների մեջ կային անհավատներ, կային բուդդիստներ, մուսուլմաններ, կային նույնիսկ հին հեթանոս ռուսներ Տայգայի կողմերից, այդ մշակութային ազգային տարբերությունները մեզ իրարից չէին հեռացնում, այլ ընդհակառակը՝ մոտեցնում էին»։
    Լուսանկար 21.jpg (296 KB) 
    Լուսանկարը՝ Հայր Աթանաս Սարգսյանի անձնական արխիվից
    Բոլորին հետաքրքիր էր միմյանց հետ շփվելը, և յուրաքանչյուրը մյուսից սովորելու բան ուներ․ «Մենք շատ փոքր տարածքում ապրում էինք միասին, շատ հաճախ պիտի օգնեինք իրար, որ ինչ-որ բան գլուխ գար, ինչ-որ խնդիր հարթվեր»։
    Լուսանկար 22.jpg (2.22 MB) 
    Հրաժեշտ
    2022 թ․ սկզբին եկավ Դադիվանքի վանականների հերթափոխի ժամանակը։
    «Ինչպես եթե մեկը իր ընտանիքից բաժանվի, իր տունը թողնի, այդպես մենք բաժանվում էինք Դադիվանքից, խաղաղապահներից․ մեր տունն էր», - Տիգրան սարկավագն այսպես է նկարագրում իրենց բաժանումը վանքից։
    Մինչև փոխարինողները մեքենայով չեկան, վստահ չէին, որ դա իրենց ծառայության վերջին օրն է։
    «Չէինք սպասում, որ պիտի այդպես շուտ բաժանվենք, մենք ավելի երկար էինք նախատեսում մնալ, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ եղավ հերթափոխը», - նշում է Տիգրանը։
    Լուսանկար 23.jpg (18.35 MB) 
    Տիգրան սարկավագի վերջին պատարագը Դադիվանքում
    Այս անգամ իրենց հերթն էր փոխարինելու եկած հոգևորականներին ծանոթացնել տարածքին, խաղաղապահների հետ շփման նրբություններին, պատմել կենցաղային խնդիրների մասին։ Տիգրան սարկավագի խոսքով՝ հերթափոխի հոգևորականները «բավականին պատրաստված էին թե՛ հոգեբանորեն, թե՛ տեխնիկապես»։
    Սարկավագը Դադիվանքը լքեց լուրջ եզրահանգումներով և նպատակներով․ «8 ամիս շարունակ այնտեղ լինելը, սնվելը գրքերից, մտածելն այդ ամենի մասին՝ հնարավոր չէ, որ անպտուղ մնա, բայց բարձրաձայնել առայժմ չեմ կարող»։
    Տեր Հովհաննեսը հույս ունի՝ մի օր նորից վերադառնալու է Դադիվանք։
    «Ես ուխտ ունեմ, ուխտս չեմ ասի, որ վերադառնամ Դադիվանք, ինչ պիտի լինի, դա թող մնա, այն ժամանակ կասեմ ես»։
    Լուսանկար 24.jpg (1.85 MB) 
    Լուսանկարը՝ Դավիթ Գալստյանի
    Հայ հոգևորականների նոր հերթափոխը շարունակում է պաշարված ծառայությունը Դադիվանքում։
    2023 թվականի փետրվարի 11-ի դրությամբ շուրջ երկու ամիս է՝ ողջ Արցախն է շրջափակման մեջ՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի (Բերձորի) միջանցքը փակ պահվելու պատճառով։ Մեր տեղեկություններով՝ ներկա իրավիճակը զգալի փոփոխությունների չի հանգեցրել հոգևորականների ծառայության մեջ։
    Արցախի նախագահի հրամանագրով՝ «հետպատերազմյան դժվարին պայմաններում Դադիվանքի վանական համալիրում անձնուրացաբար հոգևոր ծառայություն մատուցելու, վանքախնամ աշխատանքներ իրականացնելու համար» Տեր Ներսես Հարությունյանը, Տեր Աթանաս Սարգսյանը, Տիգրան սարկավագ Հակոբյանը, Արտակ սարկավագ Սաֆարյանը, Վանիկ սարկավագ Մկրտչյանը պարգևատրվել են «Երախտագիտության մեդալով»։
    2020-ի նոյեմբերի 9-ից 25-ը, Քարվաճառի շրջանի հանձնման օրերին, հայկական կողմը Դադիվանքից տեղափոխեց հոգևոր ժառանգության մի հատվածը, այդ թվում՝ ասեղնագործ խաչքարերը։

    Հոդվածը կարող եք կարդալ նաև հետևյալ հղմամբ։ 

    Համահեղինակներ՝ Նազենիկ Սարոյան, Դավիթ Գալստյան

    օպերատոր՝ Արամ Ներսեսյան


         

    Քաղաքական

    Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

    Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

    Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

    Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

    ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

    Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

    Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

    Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

    Տնտեսական

    ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

    Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

    Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

    Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

    Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

    ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

    Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

    ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

    Հասարակական

    Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

    ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

    Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

    «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

    Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

    Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

    Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

    Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

    Ռազմական

    Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

    Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

    Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

    Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

    Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

    ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

    Տեսանյութեր

    ավելին

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Search