Արցախի Հանրապետությունում գազամատակարարման վերականգնամբ պայմանավորված` տասնօրյա դադարից հետո հանրակրթական դպրոցներում, ուսումնարաններում, քոլեջներում վերականգնվել է ուսումնական պրոցեսը:
Արցախի ուսումնական հաստատություններում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է որոշակի փոփոխություններով. Հասմիկ Մինասյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանն ասել է, որ ուսումնական գործընթացը վերսկսել են որոշակի փոփոխություններով:
«Դասապրոցեսը դպրոցներում սկսվում է առավոտյան ժամը 09:00-ին՝ նախկին 08:30-ի փոխարեն, որպեսզի դասասենյակները հասցնեն տաքանալ: Դասաժամի տևողությունն էլ 35 րոպե է, ինչը միտված է էլեկտրաէներգիայի տնտեսմանը և պայմանավորված այն հանգամանքով, որ դպրոցների սննդի կետերը ժամանակավոր չեն գործում»,-մանրամասնել է Հ.Մինասյանը:
Նրա իրազեկմամբ՝ Մարտունի շրջկենտրոնի Վ.Խաչատրյանի անվան ուսումնարանում, իրավիճակով պայմանավորված, տեղադրվել են փայտե վառարաններ, և գազամատակարարման հնարավոր խափանումները որևէ ազդեցություն չեն ունենալու ուսումնական գործընթացի վրա։
«Մայրաքաղաքի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրի և Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի շենքերում այս պահի դրությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Այդ պատճառով էլ նշված շենքերում ջեռուցման խնդիր կա: Բայց, այնուամենայնիվ, տվյալ կրթօջախների ինչպես աշակերտական, այնպես էլ՝ ուսուցչական կոլեկտիվների միասնական որոշմամբ և ցուցաբերած կառուցողական մոտեցմամբ այս հաստատություններում ուսումնական գործընթացը շարունակվում է։
Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում ունենք 24 աշկերտ, ովքեր Արցախի շրջաններից են, և բնակվում էին ուսումնարանին կից հանրակացարանում, որտեղ օրական երեքանգամյա սնունդ է նախատեսված: Այդ աշկերտները դասապրոցեսին մասնակցել չեն կարողանում սննդի մատակարարման անհնարինության պատճառով»,-ընդհանրացրել է ոլորտի պատասխանատուն: