Ոչ ոք չի հավատում Ադրբեջանի բնապահպանական հեքիաթներին, 120 հազար մարդու պատանդ են վերցրել միայն նրա համար, որ հայ են. պրոֆեսոր Պիեր Գարժանը՝ Հաագայի դատարանում
Ադրբեջանը 120 հազար մարդու ոչ ավել, ոչ պակաս պատանդ է վերցրել՝ նրանց կյանքն անհնարին դարձնելով, ծնկի բերելով, զրկելով ձմռան կեսին բոլոր կենսաապահովման միջոցներից բացառապես նրա համար, որ նրանք ազգությամբ հայ են։
Ոչ ոք չի հավատում Ադրբեջանի բնապահպանական հեքիաթներին, 120 հազար մարդու պատանդ են վերցրել միայն նրա համար, որ հայ են. պրոֆեսոր Պիեր Գարժանը՝ Հաագայի դատարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Պիեր Գարժանը:
Դիմելով դատարանի անդամներին՝ նա ասաց․ «Ադրբեջանը կարող է ինչքան ցանկանում է փաստարկներ բերել։ Ոչ մեկը չի հավատում նրանց բնապահպանական հեքիաթներին։ Քաղհասարակության ակտիվիստներ մի երկրում, որը հայտնի է՝ որպես բռնապետական երկիր․ ո՛չ ոք չի հավատում։
Ձեր դատարանը պարտավոր է գործել և պետք է գործեք անհապաղորեն։ Եթե չհրահանգեք միջանկյալ միջոցներ, շուտով հայ մարդիկ չեն մնա ԼՂ-ում, նրանք կհեռանան իրենց կյանքը փրկելու համար, ինչպես նրանց կոչ է անում Ալիևը։ Հայաստանը ձեզ չի խնդրում Ադրբեջանին հրահանգել ուժով ցրել այսպես կոչված ցուցարարներին։
Հաշվի առնելով եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը իրավունք չունի ճանապարհի երկայնքով ուժեր կիրառել։ Պահանջում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի ֆինանսական և կազմակերպչական միջոցներով աջակցել խմբերին, որոնք խանգարում են ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով»։