Դեկտեմբերի 2-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
ԱԺ համատեղ նիստում քննարկվել են սոցիալական ապահովության, առողջապահության, վիճակագրության ոլորտների 2023 թվականի ֆինանսավորման հարցերը
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2023 թվականի պետական բյուջեի նախագծում կազմում են 30 մլրդ 200 մլն ՀՀ դրամ, որը 2022 թվականի բյուջեից 700 մլն ՀՀ դրամով ավել է:
Ավելացումը պայմանավորված է կենսաթոշակների և զինվորական թոշակների բարձրացմամբ ու մի շարք հոդվածների ավելացմամբ: Մասնավորապես՝ 16 տոկոսի աճ է նախատեսվում գործազրկության հաղթահարման ծրագրում, 11 տոկոսով կաճի մայրության նպաստը, 80 տոկոսով կավելանան մասնագիտական ուսուցման ծախսերը, կավելանա թաղման նպաստի բյուջեն՝ կազմելով 270 մլն ՀՀ դրամ:
2 մլրդ ՀՀ դրամով կնվազի տեղահանվածների աջակցության ծրագիրը՝ պայմանավորված գույքային խնդիրների լուծման ենթածրագիրը բնակարանային կոմիտեին փոխանցելով:
2023 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերի մասով նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 401.1 մլն ՀՀ դրամ:
Առողջապահության բնագավառի ծախսերը հիմնականում ուղղված են Արցախի Հանրապետության ամբողջ բնակչությանը անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը լիարժեք իրականացնելուն:
Նախագծով նախատեսված է 13 մլրդ 179.7 մլն ՀՀ դրամ: 2022 թվականի համեմատ բյուջեն 13 տոկոսով կկրճատվի, ինչը պայմանավորված է մի շարք հոդվածներում գումարների նվազեցմամբ: Մասնավորապես՝ դեղորայքների տրամադրման ծրագրով նախկին 1 մլրդ 104 մլն դրամի փոխարեն ֆինանսավորումը նախատեսվում է 500 մլն ՀՀ դրամի չափով, ստոմատոլոգիական օգնության ծրագրով ֆինանսավորումը նախատեսվում է 672 մլն ՀՀ դրամի չափով նախկին 727 մլն ՀՀ դրամի դիմաց:
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նախագծում լուրջ թերացումներ է տեսնում, ըստ նրա՝ խնդիրներ կան 25 ծրագրերում:
Հաջորդիվ ներկայացվել է ազգային վիճակագրական ծառայության բյուջեն: Այն կազմելու է մոտ 292 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին 3,1 մլն ՀՀ դրամով կնվազեն աշխատակազմի պահպանման ծախսերը՝ կապված աշխատողների թվաքանակի հետ: