Նոյեմբերի 28-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնել են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ներկայացվել են Արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի 2023 թվականի բյուջեները:
ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը նախ անդարադարձել է 2022-ի բյուջեին, որտեղ պահպանման ծախսերը կազմել են 714 մլն. 332 հազ. դրամ: 2023 թ.-ին պահպանման ծախսերը 169,5 մլն-ով կնվազեն, ինչը պայմանավորված է արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերի նվազմամբ:
Զբոսաշրջության բյուջեն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: 2023 թվականին ոլորտի բյուջեն նախատեսված է 33,5 մլն. դրամի չափով, որն ուղղորդվելու է ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ու զարգացման ծրագրերին:
ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2023 թվականի բյուջեն պլանավորված է 446 մլն. 600 հազ. դրամի չափով, որի 86,5 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը: Նոր տեխնիկայի ձեռքբերման համար նախատեսվում է 2 մլն. դրամ:
«Ազատ Արցախ» թերթի բյուջեն անփոփոխ է մնացել՝ 106 մլն. 503 հազ. դրամ, որից 80 մլն. 649 հազ. դրամը կազմում է աշխատավարձի ֆոնդը: 8 մլն դրամ ապահովվելու է սեփական եկամուտների հաշվին: