Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի խնդրի վերաբերյալ։

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորև ներկայացնում ենք հոդվածը.

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր զարգացումները պետք է դիրտարկել ուժի և իրավունքի հակադրության կամ համադրության կոնտեքստում։

Թվում էր, թե պատերազմում հաղթած և իր բանակի իրական կամ թվացյալ հզորությունը ցուցադրած Ադրբեջանը չպետք է այլևս վախեր ունենա։ Հատկապես, երբ հայկական կողմը կամ ավելի ճիշտ, իշխանությունը, պարբերաբար հրապարակային ի ցույց է դնում ուժի հանդեպ իր վախերը։ Բայց հակառակ այն պնդման, որ ուժն է ծնում իրավունքը, ժամանակակից կոնֆլիկտներում ուժի և իրավունքի հակադրությունն է, որ կանխորոշում է երկարատև լուծումը։ Ի վերջո, ակնհայտ է, որ ուկրաինական կոնֆլիկտում նույնպես վերջնական լուծումը հիմնված է լինելու ուժի և իրավունքի համադրության վրա։ Ուժն ու իրավունքը կարող են հավասարաչափ հզոր գործոն լինել անկախ այն բանից, թե այս կամ այն կոնֆլիկտում ո՛ր՝ ուժի, թե իրավունքի փաստարկն է ավելի զորեղ։ Որևէ կոնֆլիկտում միայն ուժով պարտադրված լուծման անվերապահ ընդունումը, առանց իրավունքի գործոնը հաշվի առնելու, կարող է մարտահրավեր դառնալ միջազգային աշխարհակարգի կայունությանը։

Ադրբեջանական կողմը դա հասկանում է, և հենց դա է պատճառը, որ չնայած ուժի տեսանկյունից նոմինալ հաղթանակին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման, այսինքն՝ իրավունքի ցանկացած հիշատակում Ադրբեջանում առաջացնում է հիստերիկ ռեակցիա։ Սա ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը նույնպես հասկանում է, որ խնդիրը լուծված չէ։

Իմ՝ Արցախի արտգործնախարար նշանակվելու լուրին ադրբեջանական արձագանքը, անկախ այդ լուրի ճշմարտացիության աստիճանից, դրա ապացույցներից մեկն է։ Թվում էր, թե «հաղթած» Ադրբեջանին նման լուրերը պետք է բոլորովին չանհանգստացնեին։ Բայց ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին ողողված էին այդ լուրի տարածմամբ ու մեկնաբանություններով, որի հիմնական թեզն այն է, որ Արցախում ձևավորվում է «ռևանշիստների» իշխանություն։

Պատերազմի «ռևանշը» ենթադրաբար նոր պատերազմը պետք է լինի։ Մինչդեռ այն փաստը, որ ադրբեջանցիները «ռևանշիստ» են անվանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագովներին և այդ գաղափարը միջազգային բեմ հանելու հնարավորություն ունեցողներին, երկու բան է հուշում՝ կա՛մ ադրբեջանական կողմը չի հասկացել՝ ինչ է «ռևանշը», կա՛մ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արծարծումը արդարացիորեն դիտարկում է որպես պատերազմին համազոր փաստարկ։

Հատկանշական է, որ իմ նախարարության՝ 1998-2008 թվականներին և դրանից առաջ ևս չորս տարի փոխարտգործնախարարի պաշտոնում իմ դիրքորոշումը Արցախի հարցում հրապարակային էր և անփոփոխ՝ Արցախի ժողվուրդն ունի և պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ Այդ տասնչորս տարիների ընթացքում Ադրբեջանի նաև ներկա իշխանությունն իմ այդ դիրքորոշումը ոչ միայն ծայրահեղական չի համարել, այլև նստել է ինձ և մեր կառավարության հետ բանակցությունների, քննարկել է առաջարկվող տարբերակները, և ի վերջո այդ բանակցություններն են, որ 2007-ի վերջում հանգեցրել են համանախագահների կողմից առաջարկվող այնպիսի փաստաթղթի՝ «Մադրիդյան սկզբունքներին», որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դրա իրացման ծայրագույն դրսևորմամբ՝ ռեֆերենդումով։

Այն, որ այսօր Ադրբեջանում Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի գաղափարակիրներին «ռևանշիստ» են անվանում, իրենց իրական մտահոգությունների դրսևորումն է։

– Ադրբեջանի ներկայիս իշխանությունը լավ գիտի, որ ինքը կոնֆլիկտի առաջին օրվանից ստեղծել է իրավական և քաղաքական բոլոր հիմքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջի արդարացիության համար։

– Ադրբեջանը լավ գիտի, որ իրականցրել է Արցախի խաղաղ ժողովրդի հանդեպ ֆիզիկական բռնություն։

– Ադրբեջանը լավ գիտի, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ հռչակել է ոչ լեգիտիմ։

– Ադրբեջանը լավ գիտի, որ իրավական մեծ սխալ է թույլ տվել 1991-ին՝ չեղարկելով Լեռնային Ղարաբաղի ինքվարությունը։

– Ադրբեջանը լավ գիտի, որ վերջերս առավել կոպիտ սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, որ «զրո կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։

– Ադրբեջանը լավ գիտի, որ ես լավ գիտեմ, թե հայր և որդի Ալիևիների իշխանությունը բանակցային ողջ գործընթացում ինչպիսի հանդուրժողական դիրքորոշում է արտահայտել Արցախի ժողովրդի ինքնորոշման հանդեպ։

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին անգամ իր կազմում ինքնավար կարգավիճակ տալու դրժումը այնպիսի իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս, որի ճիշտ կիրառման դեպքում բացվում է «անջատում հանուն փրկության» (remedial secession) իրավունքի և այդ հայտի՝ միջազգային հանրության կողմից ընդունման համար։

Ադրբեջանի հետպատերազմյան էյֆորիան ու հանգստությունը ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով են, որ հայկական կողմում չկա ուժի հակադարձ կիրառման որևէ պատրաստակամություն, և կա հանուն տեսական պատերազմից խուսափելու՝ ցանկացած զիջման գնալու պատրաստակամություն, այլ հիմնականում այն պատճառով, որ հայկական կողմից երկու տարվա ընթացքում գրեթե ոչ մի անգամ չի հնչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստարկը։

Այն հանգամանքը, որ նման օրակարգով իրավական միավոր կարող է ձևավորվել թեկուզ չճանաչված Արցախում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը նորից դուրս գա միջազգային հարթակ, Ադրբեջանում առաջացնում է իրական և հիմնավոր մտահոգություն։ Հետևաբար, այս օրակարգը բյուրեղացնելը պետք է դառնա Արցախի և ի վերջո Հայաստանի իրական պաշտպանվածությանն ուղղված բոլոր ջանքերի հիմքը»։


     

Քաղաքական

ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։ Ներկայացնում ենք «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ մասնակի կրճատումներով․ «Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները: Այս պահին հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, որը հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը: Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում: 1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար: Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության: Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով: Բաքվի ավտոկրատներն արձագանքեցին՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսից: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպարը ստեղծելու համար՝ այդպիսով հանգեցնելով միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին: 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։ Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։ Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործելու ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ «Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», - 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին: Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են ուղարկում մարդկանց ամենուր և կանաչ լույս են տալիս բռնակալներին: Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ: Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսությանը հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։ ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 22-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 3-ական ժամ տևողությամբ

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Պետպահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Արցախի պետնախարարի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Search