Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Արցախյան գորգարվեստ» մրցույթի արդյունքների ամփոփումը:
Ամփոփվել են «Արցախյան գորգարվեստ» մրցույթի արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գորգագետ Աշխունջ Պողոսյանը, տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա ամռանը հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել 38 մասնակից:
«Մասնակիցները՝ հիմնականում Ստեփանակերտից և Հադրութից են, որոնք ընդգրկվել են երկու տարիքային խմբերում ՝ 10-ից 17 տարեկան և ավելի բարձր: Այս տարվա մրցույթի արդյունքում բացահայտեցինք ասեղնագործության մի քանի յուրահատուկ նմուշներ, որոնց հիմքում ավանդականն էր՝ զարդարված նոր մոտեցումներով: Հաջորդ անգամ ուշադրություն կդարձնենք գորգի գույներին , որպեսզի բնական ներկանյութերից ստանան, ինչպես նաև չօգտագործվեն արհեստական թելեր և մրցույթին չներկայացնեն նախորդ տարվա գործվածքները»,- մանրամասնել է Ա. Պողոսյանը:
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ անհրաժեշտություն համարելով արցախյան գորգագործության ավանդույթների պահպանումը որպես հայոց մշակույթի կարևորագույն բաղադրիչ, նշել է, որ Արցախը եղել է հայոց գորգագործական կենտրոններից մեկը:
Կրտսեր տարիքային խմբում՝ հաղթել են 3 մասնակցի աշխատանքները՝ գորգ, կարպետ և ասեղնագործություն, ավագ տարիքային խմբում՝ 2-ի ներկայացրած գորգերը, իսկ ասեղնագործության և կարպետի համար հաղթել է 3 մասնակից:
Նրանց աշխատանքները կպահվեն ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆոնդում: