«Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամը մեկնարկել է «Վերաինտեգրում կրթության միջոցով» ծրագիրը:
«Ջենեսիս Արմենիա»-ն Արցախյան երրորդ պատերազմի մասնակիցների համար կրթական ծրագիր է մեկնարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ հետ զրույցում տեղեկացրել է ծրագրի պատասխանատու Աստղիկ Ղայթանջյանը՝ հավելելով, որ առցանց ձևաչափով դասընթացներին ընդգրկվել են մասնակիցներ Արցախից ու Հայաստանից:
«Մեծ ջանքերի շնորհիվ արդեն իրականություն է մեր ամենամեծ ու կարևոր ծրագրերից մեկը, որի շահառուները 44-օրյա պատերազմի մասնակից տղաներն են։ «Վերաինտեգրում կրթության միջոցով» ծրագրի դասընթացները մեկնարկել են սեպտեմբերից։ Տևողությունը 6 ամիս է։ Այդ ընթացքում մասնակիցները ստանալու են ոչ միայն ՏՏ կրթություն, այլև հմտանալու են հաղորդակցության, կառավարման և թիմային աշխատանքում։ Ծրագրի ավարտին որակավորված 22 մասնագետ մուտք կգործի ՏՏ աշխատաշուկա»,- ասել է Ա. Դայթանջյանը: Նրա խոսքով՝ շարունակվում է նաև մանկական խնամքի պարագաներ տրամադրելու ծրագիրը, որում ընդգրկված են 2021թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թ. հունիսի 1-ը ծնված և 1 տարեկանը չլրացած երեխա խնամող՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված և փաստացի բնակվող անձինք: «Ծրագիրը մեկնարկել է հունիսի 1-ից: Պատրաստել ենք շուրջ 1400 փաթեթ։ Ներառել ենք Ստեփանակերտի, Մարտունու Մարտակերտի, Ասկերանի, Աղավնոյի երեխաներին։ Ծրագիրն իրականացվում է «Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, իսկ կազմակերպական աշխատանքներին աջակցել են Արցախի առողջապահության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները»,- ասել է մեր զրուցակիցը, և ավելացրել, որ որոշ պարագաներ՝ սրբիչներ, պայուսակներ, պատրաստվել են Մարտունու կարի նորաբաց ֆաբրիկայում: