Հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանը հանդիպել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Մենք բավարար ներուժ ու կարողություն ունենք պաշտպանելու մեր անվտանգությունը. Ռուբեն Վարդանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:
«Մենք բավարար ներուժ ու կարողություն ունենք պաշտպանելու մեր անվտանգությունը.
այս կարծիքին էին «Արցախի պահեստազորի սպաների միություն» կազմակերպության ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպում ունեցա Ստեփանակերտում: Այս կարծիքին եմ նաև ես:
Մեր անվտանգությունը մեր իսկ ուժերով ապահովելու համար սպաները երեք կարևոր բաղադրիչ առանձնացրին.
- ռազմական կրթության ընդլայնում և բարձրորակ զինվորական կադրերի պատրաստում,
- բոլոր ոլորտներում գրագետ ու պատասխանատու աշխատանք,
- մեր ներուժի, հատկապես՝ մարդկային ներուժի լիարժեք ու ճիշտ օգտագործում:
Այս ամենին ես կավելացնեի նաև մեր կողքին ապրող հերոսների ու վետերանների նկատմամբ հարգանքն ու գնահատանքը: Հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված հերոս տղաների հիշատակին՝ մենք չպետք է մոռանանք, որ մեր կողքին նաև կենդանի հերոսներ են ապրում, որոնք այս 30 տարիների ընթացքում մեկ պատերազմի չէ, որ մասնակցել են: Այդպիսի շատ մարդկանց եմ ես հանդիպել Արցախում: Մենք պետք է կարողանանք գնահատել նրանց գործն ու վաստակը, իսկ ամենակարևորը՝ պետք է կարողանանք ճիշտ օգտագործել նրանց փորձն ու գիտելիքները»,- նշված է գրառման մեջ: