Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավաստագրեր են հանձնվել Ստեփանակերտի և Հանրապետության շրջանների դպրոցների 10 ուսուցչի, որոնք մասնակցել են վերապատրաստման դասընթացների՝ «Ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդները» թեմայով:
ԱՀ ԿԳՄՍ նախարարն անձամբ է հավաստագրեր հանձնել վերապատրաստումների մասնակցած մի խումբ ուսուցիչների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացներն անց են կացվել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժնի և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի համատեղ գործունեության շրջանակներում՝ ընթացիկ տարվա օգոստոսի 14-20-ը:
ԱՀ նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանն մեզ հետ զրույցում նշել է, որ դասընթացավարը Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանն էր:
«Դասընթացներն անցնում էին ինտերակտիվ:Կիրառվում էին նոր մեթոդներ: Ունեցանք ակտիվ քննարկումներ: Մասնակցել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու, ինչպես նաև մայրաքաղաքում տեղակայված՝ Հադրութի և Շուշիի դպրոցների ուսուցիչներ»,-մանրամասնել է Ս. Կարապետյանը։
Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն անձամբ է նրանց հանձնել հավաստագրերը:
«Առարկայական վերապատրաստումները մեր թե´ հանրակրթության,թե´ մյուս բնագավառներում ամենակարևոր փուլն է,որին մենք փորձել ենք ձեռնամուխ լինել այս ուսումնական տարում: Ըստ այդմ, վերապատրաստումներ են անցկացվել 7 առարկայի գծով »,-նշեց Ա.Հակոբյանը՝ հավելելով, որ ռուսաց լեզվի ուսուցիչների հերթական վերապատրաստումների դեպքում, արդեն իսկ վերապատրաստված ուսուցիչները նույնպես կընդգրկվեն որպես դասընթացավար:
Հադրութի Մ. Մանվելյանի անվան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Միրզոյանի խոսքով՝ վերապատրաստման դասընթացները փոխշփման, մեծ փորձ ու նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն են ընձեռել :