ոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի կիսանդրին։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
Այսօր Գասպարյանի մահվան տարելիցն է, ինչի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ:
Ջիվան Գասպարյանի կիսանդրու քանդակագործ և ճարտարապետ Ալեքսան Բաբայանի տեղեկացմամբ՝ դեռևս մեկ տարի առաջ ընտանիքի կողմից հաստատված են եղել կիսանդրու էսքիզները։ Իսկ այս տարվա հունվարից մեկնարկել են աշխատանքները և գործի առանձնահատկությամբ պայմանավորված՝ վարպետի բրոնզե կիսանդրու ձուլումն ինքն է իրականացրել:
«Իր մեծագույն վաստակով նա ժողովրդի կողմից արժանացել է «Դուդուկի արքա» տիտղոսին: Արժևորելով ու նշանավորելով վարպետի հսկայական ներդրումը՝ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների միջազգային փառատոն, ինչն անչափ կարևոր է մաեստրոյի ստեղծագործական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Հավելենք, որ արարողությանը ներկա են եղել Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և վարպետի արվեստի երկրպագուներ: