Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում ընդունվել է հարկային ոլորտին վերաբերող օրինագծերի փաթեթ՝ միտված փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի մի շարք գործունեության տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրմանը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած՝ պետական աջակցության ծրագրում ներառված հարկ վճարողների շահութահարկով հարկման հետ կապված հարցերի կանոնակարգմանը։
ՓՄՁ ոլորտի գործունեության մի շարք տեսակների համար հարկման պարզեցված համակարգ կներդրվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նախօրեին ԱՀ Ազգային ժողովի նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանի ներկայացմամբ քննարկված և ընդունված օրինագծերի փաթեթով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած կորստի դիմաց տրամադրվող պետական աջակցության գումարները շահութահարկով հարկման առումով չդիտել որպես եկամուտ, միաժամանակ սահմանափակելով պետական աջակցության ծրագրում ընդգրկված հարկ վճարողների մասով վնասի՝ հաջորդ տարիներ տեղափոխման հնարավորությունը: Նշված դրույթը կտարածվի 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Օրինագծերի փաթեթեում առևտրային հարկի վերաբերյալ փոփոխությունների ու լրացումների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական գործունեությունը հարկել առևտրի հարկով հարկման համակարգով՝ առևտրի հարկի դրույքաչափը սահմանելով իրացման շրջանառության նկատմամբ 3 տոկոս` դրանից նվազեցնելով վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 1 տոկոսը:
Եթե նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է իրացման շրջանառության 2 տոկոսից պակաս գումար, ապա առևտրի հարկը կհաշվարկվի 2 տոկոս դրույքաչափով, իսկ չնվազեցված մասը կնվազեցվի հետագա հաշվետու ժամանակաշրջաններում: Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից, հաստատագրված վճարների հարկման համակարգով են հարկվելու փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի մի շարք գործունեության տեսակներ, ինչպիսիք են՝ լուսանկարչական, գովազդային, հանգստի կազմակերպման, հաշվապահական, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթի, փաստաթղթերի լուսապատճենահանման, թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրության գործունեությունները: Հաստատագրված վճարը սահմանել է եռամսյակային իրացման շրջանառության նկատմամբ 5 տոկոսի չափով:
Նախագծով գործունեության նոր տեսակների մասով ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարության ներկայացման ժամկետը սահմանվում է եռամսյակային, կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատերերի համար՝ կիսամյակային պարբերականությամբ, իսկ հաստատագրված վճարի վճարման ժամկետը եռամսյակային՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը: