Նախօրեին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Ապրելու ձայնը» գրական-մշակութային ծրագրի շրջանակում Արցախից ու Մայր Հայաստանից մի խումբ մտավորականներ այցելել են Ամարասի վանական համալիր:
«Ապրելու ձայնը» նախագծի մասնակից մի խումբ մտավորականներ այցելել են Ամարաս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մտավորականներն Ամարասում աղոթք են հղել առ Աստված: Խորհրդանշական ու ճանաչողական բնույթ կրող այցի ընթացքում նրանց է ներկայացվել վանական համալիրի Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրատան վայրն ու պատմական որոշ մանրամասներ:
Երևանաբնակ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մի քանի անգամ արդեն այցելել է Ամարասի վանական համալիր, և հերթական այցը թարմացնում է հիշողությունները: Նա տեղեկացրել է, որ հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը կկայանա «Զարթոնք» ամառային ակադեմիան, որի շրջանակներում արտասահմանյան երկրներից ժամանած մասնագետները վարպետաց դասեր կանցկացնեն: Նախագծի շրջանակներում կկազմակերպվի նաև այցելություն Ամարասի վանական համալիր:
«Ապրելու ձայնը» նախագծի մասնակիցների այցելությունն Ամարաս եզրափակվել է ժենգյալով հացի հյուրասիրությամբ: