Նախօրեին՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի մասնակիցներն այցելել են Մարտունու շրջանի Աշան համայնք:
Աշանում հյուրընկալել են «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի մասնակիցներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ աշանցիները հյուրերին դիմավորեցին թոնրի շուրջ՝ հացաթխման ավանդական արարողությամբ:
Այնուհետև փառատոնի մասնակիցներն այցելեցին աշանցի գրող, բանահավաք Լևոն Հարությունյանի տուն, որից հետո հյուրընկալվել են գյուղի դպրոցում:
Աշանի կրթօջախի աշակերտները կազմակերպել էին միջոցառում, որի ընթացքում իրենց գեղեցիկ ազգային պարով հյուրերին դիմավորեցին Համազգայինի Արցախի գրասենյակի «Մունք» ազգային պարախմբի սաները, հնչեցին արցախցի գրողների բանաստեղծություններ։ Բացման խոսքում՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն իր ուրախությունը հայտնեց «Ապրելու ձայնը» փառատոնի շրջանակներում հայրենի գյուղ այցելելու առթիվ՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի Աշանում գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը:
Մեզ հետ զրույցում երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարյանը նշեց, որ շատ ուրախ և հաճելի է Աշանում գտնվելը:
«Սահմանից քիչ հեռու մեր երեխաները կարողանում են պահել ազգային դիմագիծը:
Ինչքան էլ փորձենք կտրվել դրանից կամ ինտեգրվել աշխարհի նորարարությանը, միևնույն է պահպանվելու է մեր ավանդականը, որը մեր ինքնության ամենաընդգծված հատվածն է:
Շատ կարևոր է, որ մեր սերունդը ճանաչի արդի գրողներին: Համաշխարհային գրականություն ուսումնասիրելը լավ է, բայց մինչև չճանաչենք մեզ հետ ապրող ստեղծագործողին, մենք դրսինը չենք կարող յուրացնել» ,-ասել է Ս. Սաֆարյանը:
Աշան համայնքի դպրոցի տնօրեն Մխիթար Շինդյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին:

