Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է. կան հիմնարկ-ձեռնարկություններում աշխատողներ ևս:
Բերքաձորում պտղատու նոր այգիներ են հիմնել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Զարինե Մեքիյանը:
«Սիրիայից Արցախ տեղափոխված Ասմարյան եղբայրները մեր համայնքում մրգատու այգիներ են հիմնել, պատերազմից հետո էլ մեծացրել դրանք: Պետական աջակցությամբ 4 ընտանիքների ջերմոցներ են տրամադրվել, ընդ որում` մեկը Մարտունու շրջանի` թշնամու տիրապետության տակ անցած Շեխեր գյուղից է տեղահանվել: Նրանք էլ վարունգ, լոլիկ, կանաչեղեն, բանջարաբոստանային տարբեր մշակաբույսեր են աճեցրել: Ուրախալի է, որ վերջերս տեղացած կարկուտից ջեմոցները չեն տուժել: Տեղահանված 8 ընտանիք էլ ԿԽՄԿ-ի կողմից բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր է ստացել, ցանել ու արդեն բերքը հավաքել. արդյունքները գոհացուցիչ են»,-պատմել է Զ. Մեքիյանը:
Նրա խոսքով՝ գյուղում նաև մանր եղջերավոր անասուններ են պահում: Ավետարանոցից տեղահանված և Բերքաձորում հաստատված մեկ ընտանիք էլ, որը մինչև 44-օրյա պատերազմը Ակնայի շրջանում անասնապահությամբ էր զբաղվում, այժմ նույն գործունեությունն իրենց համայնքում է իրականացնում: Գյուղի երիտասարդ ընտանիքներից մեկը 33 գլուխ անասուն ունի. գլխաքանակն ավելացնելու ցանկությունը մեծ է։ Երկու տնտեսություն էլ զբաղվում է թռչնաբուծությամբ:
Մեր զրուցակիցը նշել է, որ գյուղին պատկանող 12 հեկտար տարածք տրամադրել են Ականազերծման կենտրոնին։
Որպես գյուղի հիմնախնդիր` համայնքի ղեկավարն առանձնացրել է երեխաների համար ժամանցի ապահովումը:
«Ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատ են, երեխաներն էլ իրենց խաղերը կազմակերպում են փողոցներում, ինչը վտանգավոր է: Գյուղում խաղահրապարակ կամ մարզահրապարակ կառուցելու ցանկություն ունենք»,-ասել է նա և հավելել, որ գյուղում կառուցված նոր թաղամասը կոյուղի չունի, ինչը հրատապ խնդիրներից մեկն է: Համայնքում գործում է ակումբ, որը վերանորոգման կարիք ունի:
Բնակիչներն ապահովված են էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, գյուղը գազաֆիկացված է։