ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գ. Էլիզբարյանը, ով դասավանդում է կրթօջախի «Երկարօրյա դպրոց»-ում:
Նրա խոսքով՝ «Դասավանդի´ր Հայաստան» կրթական հիմնադրամի դասավանդման մեթոդներից է փոփոխությունների հիման վրա ուսումնառությունը, որի շրջանակներում դպրոցի աշակերտներն առաջ են քաշել սպորտի բնագավառում համայնքում փոփոխություն իրականացնելու միտքը:
«Նախագծի համար ընտրել էինք «Սպորտը նույնպես գիտելիք է» խորագիրը: Մտահղացումը երեխաներինն է: Նախագծի հիմնական կազմողներն աղջիկներն էին, իսկ ես նրանց օգնել ու ուղղորդել եմ: Մնացած աշխատանքները կատարելու ընթացքում արդեն մյուս աշակերտներն են օգնել: Արդյունքում միասին նախագիծն իրականություն դարձրինք»,-ներկայացրել է Գ. Էլիզբարյանը:
Մեր զրուցակիցը կարևորում է ծրագիրը, քանի որ դպրոցի աշակերտները վաղ տարիքից սկսում են հավատալ սեփական ուժերին:
«Նրանք հավատում են, որ կարող են ինչ -որ բան նախաձեռնել ու իրականություն դարձնել: Դա իրենց կտա ինքնավստահություն, կլինեն նախաձեռնող՝ իրենց համայնքին փոփոխություններ բերելու համար, ինչպես նաև պատասխանատու քաղաքացիներ, որովհետև իրենք են սեփական գաղափարն իրականացնում, իրենց ձեռքով մշակում, աշխատում և ստանում արդյունք»,-ասել է Գրիգոր Էլիզբարյանը: