Պաշտոնական այցով Հարավային Ամերիկայում գտնվող ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատում Խորհրդարանում և Առողջապահության նախարարությունում հանդիպումներ է ունեցել հայազգի սենատոր Լիլիամ Քեշիշյանի, պատգամավոր Պեդրո Ժիստունյանի, Առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիզ Սաթջյանի հետ:
ԱՀ նախագահի խորհրդականի Հարավային Ամերիկա կատարած պաշտոնական այցը շարունակվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ա. Սիմոնյանը հանդիպումներին անդրադարձել է ֆեյսբուքյան գրառմամբ.
«Հայազգի պաշտոնյաներին շնորհակալություն եմ հայտնել Արցախյան պատերազմի օրերին նրանց ցուցաբերած քաղաքական աջակցության համար, վերահաստատել մեր պայքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցով , քննարկել հնարավոր համագործակցության ուղիները և ծրագրերը»,-գրել է նախագահի խորհրդականը:
Տեղի հայ համայնքի հետ տեղի ունեցած ժողովրդային հանդիպմանը Ա. Սիմոնյանը հանդես է եկել հետպատերազմական Արցախի մասին զեկույցով` «Արցախն ապրում է» խորագրով: Նա ԱՀ Պետական նախարարի հուշամեդալներ է փոխանցել Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանին, Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Տոր Անթոնիո Քեջեջյանին, Հայ Ավետարանական եկեղեցու պատվելի Օպետ Բոյաջյանին, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ Պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանին, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիզ Սաթջյանին, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարանի պտգամավոր Պեդրո Ժիստունյանին: Այստեղ կայացել է նաեւ ուրուգվայցի կինոռեժիսոր Ֆեդերիկո Լոմեսի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի պրեմիերան։
Այցն ամփոփվեց հայ համայնքում գործող մեկ տասնյակից ավելի կառույցների ղեկավար մարմինների հետ հանդիպումով, որտեղ ավելի մանրամասն քննարկվեցին Արցախում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ մի շարք ծրագրեր: