Սպորտի բնագավառում Արցախի ձեռքբերումները բարձր գնահատականի են արժանի։
Սպորտի բնագավառում Արցախի ձեռքբերումները բարձր գնահատականի են արժանի. ԿԳՄՍ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նախարարի խոսքով` միջոցների սղությունը թույլ չի հոգալ ոլորտի բոլոր կարիքները:
«Բայց ի հեճուկս առկա խնդիրների՝ մեր մարզիկները փայլում են տարբեր առաջնություններում: Եվ բավականին վերջերս «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը ՀՀ-ում զբաղեցրել է առաջին տեղը: Ապրիլի 18-24-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված ՀՀ բասկետբոլի 14 և 16 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ փուլում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները գրավել են մրցանակային 1-ին տեղը։ Համոզված եմ` այդ հաղթանակները շարունակական են լինելու»,-ներկայացրել է Ա. Հակոբյանը:
Նա անդրադարձել է նաև նախարարության Ռազմահայրենասիրական բաժնի աշխատանքներին` օրակարգը համարելով բավականին հագեցած և շեշտելով «Արծվիկ» ռազմամարզական խաղերում, ինչպես նաեւ <<ՆԶՊ>> առարկայից անցկացված առարկայական օլիմպիադայում դպրոցականների ունեցած ակնառու հաջողությունները: