Ստեփանակերտում «Արցախ, երկիր հայոց» խորագրով մշակութային միջոցառում է կազմակերպվել
Այսօր` մայիսի 22-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների` Արցախի պատմությանը նվիրված համերգը:
Ստեփանակերտում «Արցախ, երկիր հայոց» խորագրով մշակութային միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միջոցառմանը կենտրոնի սաները ներկայացրել են հայրենասիրական կատարումներ, ազգային պարեր և հանդես եկել ասմունքով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանը նշել է, որ միջոցառման նպատակը մեկն էր` ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնել Արցախի պատմությունը:
«Միջոցառումն արդարացրել է սպասելիքները, ինչի համար էլ շնորհակալություն եմ ուզում հայտնել կենտրոնի բոլոր մանկավարժներին, ովքեր այս մեծ աշխատանքը կատարել են: Պատրաստվելիս ամենամեծ դժվարությունը 306 սաներին փոքր բեմում կառավարելն էր: ՈՒնեինք նաև երեխաներ, ովքեր առաջի անգամ էին բեմում»,-ասել է Լ. Բարսեղյանը:
Նա ընդգծել է, որ կենտրոնի մանկավարժները երեխաներին ոչ միայն ապագա մասնագիտության հիմքերն են տալիս, այլ փորձում են հայրենասիրություն սերմանել նրանց մեջ:
Միջոցառմանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, առաջին տիկին Քրիստինա Հարությունյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար անձինք, մշակութասեր հանրությունը: