Մայրաքաղաքում «Ապագա հայկականի» համահիմնադիրների հետ հանդիպում է կազմակերպվել
«Պոլ Էլյուարի տուն» ֆրանկաֆոնիայի կենտրոնում, այսօր` մայիսի 21-ին, տեղի է ունեցել հանդիպում-զրույց «Ապագա հայկական»-ի հիմնադիրների հետ:
Մայրաքաղաքում «Ապագա հայկականի» համահիմնադիրների հետ հանդիպում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ: Մայիսի 21: ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը նշեց, որ զարգացման հիմնադրամի ջանքերն ուղղված են լինելու հիմնադրամի շուրջ ընդգրկուն գործընկերության ձևավորմանը, հանրային ներգրավվածության ընդլայնմանը և նպատակների առաջխաղացմանը։
««Ապագա հայկականը» հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից մեկն է լինելու Հանրային հարթակի ձևավորումը, որը բաց է լինելու Հայաստանի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցների համար։ Հայաստանի և Սփյուռքի համայնքներից տարբեր ոլորտներ ու մասնագիտություններ ներկայացնող անձինք կառուցողական քննարկումների միջոցով կմասնակցեն 15 նպատակների վրա հիմնված հայեցակարգային մոտեցումների մշակմանը, առաջնահերթությունների ձևավորմանն ու ծրագրերի ընտրությանը»,- նշել է Ա. Ապիտոնյանը և ավելացրել, որ առաջին քննարկումը տեղի է ունենալու հենց Արցախում:
Բանախոսը ներկայացրեց հիմնադրամի համահիմնադիրներին և խոսքը փոխանցեց նրանց:
Համահիմնադիր, հայ մեծ բարերար Ռուբեն Վարդանյանն անդրադարձավ ներկայում աշխարհում տիրող իրադարձություններին և դրանց աղետաբեր ազդեցությանը։
«Մարդիկ պետք է ընդհանուր հայտարարի գան, տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ պետք է խոսեն միմյանց հետ, ոչ թե ոչնչացնեն միմյանց: Պետք է շեշտը դնենք միասնականության և ազգի զարգացման վրա, կազմենք մի ռազմավարություն, որով կկարողանանք դուրս գալ այս ճգնաժամից: Մենք լուրջ գոյաբանական ճգնաժամ ենք ապրում, որը, անշուշտ, նաև Հայաստանինը և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերինն է»,- նշեց Ռ. Վարդանյանը։
Հնչեցին հարցեր ու պատասխաններ, ապա զրույցը շարունակվեց խարույկի շուրջ, կազմակերպվեց նաև հյուրասիրություն: