ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ: Մայիսի 20: ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման նպատակն էր քննարկել սոցիալական հարցերին առնչվող տարբեր թեմաներ, վեր հանել խնդիրները և հաստատել ավելի արդյունավետ գործընկերային հարաբերություն:
«Նմանատիպ այցերը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեն, և մենք շարունակական կապի մեջ ենք ԱՀ կառավարության մեր գործընկերների հետ՝ քննարկելու համար բոլոր այն ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են և դեռ պետք է իրականացվեն: Ինպես նաև գիտենք, որ ՀՀ-ում շարունակում են ապրել Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։ Քննարկումների առաջնահերթությունը տվել ենք նրանց զբաղվածության ծրագրերին և ամենատարբեր գործընթացներում ներգրավելուն»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ավելացրել, որ երկու կողմերի միջև կա որդեգրված սկզբունք, ըստ որի` պետք է շաղկապված աշխատեն և ծրագրերի մշակման փուլում ունենան միասնական մոտեցումներ:
Նախարարի խոսքով՝ համակարգում նոր ինստիտուտ է ներդրվում, որի գործառույթները կներկայացվեն առաջիկայում։
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն իր խոսքում բարձր է գնահատել երկու նախարարությունների կատարած աշխատանքները:
Նա խոսել է նաև <«Գործ» տեղեկատվական համակարգի մասին։ «Դա հարթակ է, որի միջոցով քաղաքացին կարող է աշխատանք գտնել։ Պետք է անել հնարավորը, որպեսզի այդ հարթակը արցախցիների համար էլ գործի»:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ընդլայնել համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը: