«Ոչ թե հայրենագովք ու հայրենաբաղձություն, այլ ոգեղեն պայքարի պատգամ». Լույս է տեսել Նատաշա Պողոսյանի «Պատերազմական օրագիր» գիրքը
Արցախի ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ լույս է տեսել ԱՀ վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի «Պատերազմական օրագիր» գիրքը։
«Ոչ թե հայրենագովք ու հայրենաբաղձություն, այլ ոգեղեն պայքարի պատգամ». Լույս է տեսել Նատաշա Պողոսյանի «Պատերազմական օրագիր» գիրքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հեղինակը նշեց, որ «Պատերազմական օրագիրը» նվիրել է հավերժի ճամփորդ դարձած մեր լույս տղաներին։
«Գրքի շապիկին տեղ են գտել մեր կրթօջախի՝ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի` 44-օրյա պատերազմում զոհված շրջանավարտները։
Գիրքը 2020-ի սեպտեմբերի 27-ով է սկսվում՝ պատերազմի առաջին օրվանից, ընդգրկում է 11 ամիս, մինչև՝ 2021–ի օգոստոսի 27-ի ուսուցիչների խորհրդակցությունը։ Եվ յուրաքանչյուր խորագիր ինքնին տեսանելի է դարձնում մեր անցած վշտահար ճանապարհը՝ «Գրառումներ ապաստարանից», «Դեպի փրկության հանգրվան», «Ցասում», «Մենք վերքերեն երգեր կշինենք», «Տարհանվածներս», «Վերադարձ», «Հետպատերազմյան դպրոց», «Անհանգիստ խոհեր», «Վերածնունդ», «Արցախը կարդում է»։
Պատերազմական օրերին իմ` ականատեսիս, օրագրային գրառումներն ընթերցողներին տեսանելի դարձան 42 օր՝ կրակի բերանում հաղթելու հավատով, 43-րդ օրը՝ խուճապի մատնված, Հայաստանի ճանապարհին, 44-րդ օրը՝ իրավիճակից ցնցված, 45-րդ օրվանից՝ ցասումով լցված...
Մեր բնակավայրից տարհանվելուց հետո 60-րդ օրն ընտանիքով Մարտակերտում նոր լուսաբաց դիմավորեցինք: Վերադարձանք, որ ապրեցնենք այն մի կտոր հայրենիքը, որ մնացել էր մեզ` ավերված ու բզկտված... Բայց նորից վերընձյուղվելու հույսով:
Գիրքը հրատարակվել է Նորա Պետրոսյանի ֆինանսական օժանդակությամբ։
Մեծագույն շնորհակալությունս ամերիկաբնակ հայուհուն՝ իր մարդասիրական բարեգործության համար։ Խորին երախտագիտությունս հարգարժան նախարար Լուսինե Ղարախանյանին՝ նաև ուսուցչուհուս` գրքի խմբագրական ուղղորդումների, հրատարակությանը ցուցաբերած նախաձեռնողականության համար», - նշել է Ն. Պողոսյանը ։
Գրքի խմբագիր Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Նատաշա Պողոսյանի «Պատերազմական օրագրում» ներկայացված են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ուսուցչի գրառումները։ «Դրանք սոսկ սովորական փաստագրական վկայագրումներ չեն։ Օրագրային գրառումներում կան, պատերազմի ընթացքում և դրանից հետո ծնված դիմանկարներ, որոնք ոչ թե հայրենագովք ու հայրենաբաղձություն, այլ ոգեղեն պայքարի պատգամ են դառնում։
Գիրքը նաև վաստակաշատ մանկավարժի խիզախումն է, հայրենիքին պատուհասած իրականությունը՝ ապագան փրկելու արձագանքով», - ասում է Լ. Ղարախանյանը։