Ադրբեջանը մեղադրելով հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզով, միաժամանակ շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը. ՆԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական
ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն
օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով:
Այս մասին նշել են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ այս
թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող
նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ
իրականացնելու համար:
«ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու
լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական
անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի
աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք
ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող
մեքենաներ»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք-
զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական
մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են
բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ
իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են
գյուղատնտեսական աշխատանքները: