33 տարի առաջ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1989 թ. հունվարի 12-ի հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցրեց կառավարման հատուկ ձև:
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների դադարեցումը սխալ էր. անդրադարձ ոչ հեռու անցյալին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործադիր կոմիտեի լիազորությունները մինչև Խորհրդի նոր կազմի ընտրությունների անցկացումը դադարեցվեցին, ինչը հետագայում ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն ճանաչել է հակասահմանադրական: Խորհրդի լիազորություններն ամբողջ ծավալով փոխանցվում էին նորակազմ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին (ՀԿԿ), որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին: ՀԿԿ-ի ղեկավարումը ստանձնած Արկադի Վոլսկին առաջարկում էր մեղմել լարվածությունը Արցախի տնտեսության զարգացման, ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական ու մշակութային ամուր կապերի հաստատման և հայ բնակչության հանդեպ խտրականության կանխարգելման միջոցով: ԼՂԻՄ-ում իշխանության օրինականորեն ընտրված մարմիններին փոխարինած և վարչական անսահմանափակ լիազորություններ ստացած ՀԿԿ-ն միևնույն ժամանակ զրկված էր մարզի տնտեսական կյանքը ղեկավարելու որևիցե հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղին հատկացված միջոցները կամայականորեն տնօրինում էր ԱդրԽՍՀ կուսակցական ղեկավարությունը՝ լայնածավալ շինարարություն կատարելով ադրբեջանական բնակավայրերում՝ բնակության ու աշխատանքի վայրեր ստեղծելով ադրբեջանցի վերաբնակիչների համար: Ապարդյուն էին նաև Հատուկ կառավարման կոմիտեի ջանքերը՝ վերացնելու կամ թեկուզ մեղմելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից:
Մարզային կառույցները ցրելու մասին որոշումը բացասաբար ընդունվեց ԼՂԻՄ-ում, քանի որ այդ չմտածված քայլը ավելի է խորացրել հակամարտությունը: Ծանր իրավիճակից ելքը Արցախը 1918-1920 թթ. կառավարած Ազգային խորհրդի օրինակով ԼՂԻՄ Ազգային խորհրդի ստեղծումն էր: Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվեց, և նրա փոխարեն ստեղծվեց այլ, դարձյալ հակասահմանադրական մարմին: 1989թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվեց, և նրա փոխարեն ստեղծվեց այլ, դարձյալ հակասահմանադրական մարմին, ինչը հանգեցրեց կառավարման պարբերական խափանմանը: