ԱՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատվել են:
Ասֆալտապատվել են Վաղուհասի ներհամայնքային ճանապարհները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վաղուհաս համայնքի ղեկավար Հովհաննես Պետրոսյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ համայնքը 709 բնակիչ ունի: «44-օրյա պատերազմից հետո տեղահնված 11 ընտանիք է հաստատվել մեր գյուղում. բոլորն էլ օգտվել են ԿԽՄԿ-ի կողմից տեղահանվածներին տրամադրվող աջակցություններից:
Ազատ բնակֆոնդում 20 տուն ունենք, մեր տեղահանված ընտանիքների ցանկության դեպքում` կվերանորոգենք ու կտրամադրենք նրանց: Այս պահի դրությամբ վերանորոգվում են տեղահանվածների ու զոհվածների ընտանիքների բնակարանները: Նորակառույց դպրոցում սովորում է 177 աշակերտ. Դպրոցը մարզադահլիճ չունի: Մանկապարտեզը ևս նորակառույց է. 63 սան ունենք։
Համայնքապետարանը և բուժկետը գործում են միևնույն շենքում. շենքային պայմաններն անմխիթար են: Հանդիսությունների սրահն ու ակումբի շենքը ևս վերանորոգման կարիք ունեն:
Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազաֆիկացված չէ. անհրաժեշտությունը չի զգացվում»,- ներկայացրել է համայնքապետը:
Մեր զրուցակիցը ցավով է նշել, որ պատերազմի ժամանակ 3 համագյուղացի է զոհվել, 8-ը` վիրավորվել, 1 հոգու ճակատագիր էլ մինչ օրս մնում է անհայտ: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ բնակչության մեծ մասը աշխատում է «Բեյզ Մեթըլս» ընկերությունում, մի մասն էլ՝ Կաշենի հանքավայրում: