«Վեկտոր» հասարակական կազմակերպությունը կմեկնարկի սոցիալական ձեռներեցության «Accelerator» ծրագիրը:
Գյուղատնտեսական ոլորտում սոցիալական ձեռներեցության զարգացման համար ծրագիր կիրականացվի. ընդունվում են հայտեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Թամարա Դանիելյանը:
«Ծրագիրը միտված է Արցախում գյուղատնտեսության ոլորտում ձեռներեցությամբ զբաղվող ուսանողների, գյուղատնտեսների կարողությունների զարգացմանը և խթանմանը: Ծրագրի գաղափարը առաջացել է պատերազմից հետո: Որպես ճգնաժամից դուրս գալու միջոց` մենք կարևորում ենք ոլորտի մասնագետների պրակտիկ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորումը, որոնք հետագայում կօգտագործվեն շահառուների կողմից իրենց համայնքների զարգացման գործում: Նաև նոր գործընկերների ձեռքբերմանը և networking-ի ընդլայնմանը, որը կօգնի շահառուներին խուսափել մեկուսացումից և դիմակայել ոլորտի ժամանակակից մարտահրավերներին համահունչ աշխարհի հետ: Պլանավորում ենք հավաքագրել 15 մասնակից տարբեր համայնքներից` Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտակերտից, Մարտունուց, ինչպես նաև ներկայումս նշված շրջաններում վերաբնակեցված Շուշիի, Հադրութի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից: Ծրագրին կարող են դիմել Արցախում բնակվող 18 և բարձր տարիքի անձինք, Արցախում գործող հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, որոնք ցանկանում են գյուղատնտեսության ոլորտում զբաղվել ձեռնարկատիրությամբ, հետաքրքրված են իրենց համայնքների սոցիալական խնդիրների լուծմամբ և պատրաստ են մասնակցել ծրագրին` իր բոլոր բաղադրիչներով։ Լավագույն բիզնես նախագծերն իրագործելու համար տրվելու է դրամաշնորհ: Ծրագիրը ֆինանսավորվում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի կողմից», - նշեց Թ. Դանիելյանը և հավելեց, որ հայտադիմումը լրացնել ցանկացողները կարող են անցնել հղմամբ: