Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչությունը, համագործակցելով քաղաքապետարանի հետ, մայրաքաղաքի փողոցներում 200 տեսախցիկ է տեղադրել:
Ստեփանակերտի փողոցներում տեսախցիկներ են տեղադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչության պետ Բորիս Ջալավյանը:
«Այս ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին և մինչ օրս նպատակին է ծառայում, այն է՝ ապահովել հասարակական անվտանգությունը, ինչպես նաև, կառավարության որոշման համաձայն, կոպիտ խախտումներ թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդներին ենթարկել վարչական տույժի սահմանված կարգով: Տեսախցիկները վերահսկվում են Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչության կողմից ստեղծված տեսադիտարկման խմբի կողմից։ Մենք տեսախցիկների համար այնպիսի տեղեր ենք ընտրել, որ մուտք չգործենք քաղաքացու անձնական տիրույթ: Տեսախցիկների տեղադրմամբ հաջող արդյունքներ ենք գրանցել, ինչպես, օրինակ, ունեցել ենք դեպք, երբ օտարերկրյա քաղաքացին, ով ՀՀ-ում ևս բազմաթիվ գողություններ է կատարել, Ստեփանակերտում ձերբակալվել է հանցանքի վայրում։ Շատ հաճախ մենք փորձում ենք ոչ միայն բացահայտել, այլև կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում տեսախցիկներով», -նշեց Բ. Ջալավյանը։