ԱՀ Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքում ջրային ցանց է կառուցվում:
Չլդրանում ջրային ցանց է կառուցվում. գյուղը մանկապարտեզի կարիք ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Չլդրան համայնքի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գյուղը 545 բնակիչ ունի. գյուղացիները հետպատերազմական շրջանում շարունակում են արարել՝ ամուր կառչելով հայրենի հողին:
«Տեղահանված 7 ընտանիք է հաստատվել համայնքում՝ 29 բնակչով: Բոլորն էլ օգտվել են ԿԽՄԿ-ի կողմից տեղահանվածներին տրամադրվող աջակցություններից: 7 տուն ունենք, որոնք վերանորոգման ենթակա են։ Եթե տեղահանված մեր հայրենակիցները ցանկություն հայտնեն հաստատվելու Չլդրանում, կվերանորոգենք ու կտրամադրենք նրանց: Համայնքապետարանի շենքը երկհարկանի է, երկու տարի առաջ է բարեկարգվել. երկրորդ հարկում գործում է գյուղի ակումբը: Բուժկետն ու հանդիսությունների սրահը վերանորոգման կարիք ունեն, ներհամայնքային ճանապարհներն էլ բարեկարգման ենթակա են: Երկու տարի առաջ «Վալլեքս» ընկերության ֆինանսավորմամբ մեկնարկել էին նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները, սակայն, ֆինանսավորման դադարեցման պատճառով, աշխատանքները կիսատ են մնացել»,- նշել է համայնքապետը՝ հավելելով, որ գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով:
Մեր զրուցակիցը ցավով է խոսել Արցախյան 44-օրյա պատերազմի մասին՝ տեղեկացնելով, որ 1 համագյուղացի է անմահացել այդ պատերազմում, 5 հոգի էլ վիրավորվել է:
Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը` համայնքի ղեկավարն ասել է, որ նրանց մեծ մասն աշխատում է «Բեյզ Մեթըլս» ընկերությունում, մի մասն էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ: