«Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման» ծրագրի շրջանակում ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն ընդունել և հաստատել է 24 հայտ, որոնք վերաբերում են անասնաշենքերի կառուցմանը, վերակառուցմանն ու վերանորոգմանը:
Հանրապետության շրջաններում իրականացվում են անասնաշենքերի բարեկարգման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:
«Նոյեմբերի 19-ին և 22-ին ԱՀ ԷԳՆ ներկայացուցիչները` նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի գլխավորությամբ, իրականացրել են Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում՝ 2 և Խնապատ համայնքում՝ 1 անասնաշենքերի կառուցման, ինչպես նաև Մարտունու շրջանի Աշան համայնքում 1 անասնաշենքի վերանորոգման աշխատանքների դիտարկում-ընդունում», - նշեց Գ. Հայրապետյանը:
Տիգրան Առստամյանի խոսքով՝ մինչև տարեվերջ պետք է ավարտին հասցվեն ևս 18 անասնաշենքերի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ, որոնք նույնպես կառույցի կողմից կդիտարկվեն համապատասխան կարգով: «Դրական եզրակացություն ստանալուց հետո կմեկնարկի ծրագրով նախատեսված սուբսիդավորման գործընթացը»,- պարզաբանել է Տ. Առստամյանը: