Նոյեմբերի 4-15-ը Ստեփանակերտի Մանկապատանեկան մարզադպրոցի 5 սաներ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Մոնտենեգրոյում կայացած Եվրոպայի պատանիների և երիտասարդների քինգբոքսինգի առաջնությանը, իսկ նոյեմբերի 13-14-ը` միջազգային առաջնությանը:
Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունում հաղթանակ գրանցած մարզիկներին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նրանք գրավել են մրցանակային տեղեր և հայրենիք վերադարձել հաղթանակով։
Այսօր մարզիկներին դիմավորել են Ստեփանակերտում:
«Եվրոպայի պատանիների և երիտասարդների քինգբոքսինգի առաջնությանը մեր թիմից մասնակցել է 1 մարզիչ և 2 մարզիկ. Արթուր Մովսիսյանը մինչև 37 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը: Նույն մարզաձևից առաջնությանը մասնակցել է նաև Սևակ Սողոմոնյանը, ով ամենամեծ հաջողությունն է արձանագրել, որովհետև մրցակիցը եղել է Ռուսաստանի ներկայացուցիչը, ով աշխարհի գործող չեմպիոնն է: Երևանում կայացած միջազգային առաջնությանը մասնակցում էր աշխարհի 5 պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Իրանը և Ուկրաինան: Այս առաջնությանը մասնակցել են մեր 3 մարզիկները` գրավելով երկու 1-ին և մեկ 2-րդ մրցանակային տեղեր»,- «Արցախպրես» -ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Մանկապատանեկան մարզադպրոցի գլխավոր մարզիչ Արմեն Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ գոհ է մարզիկների գրանցած արդյունքներից:
Մարզադպրոցի 9-ամյա սան Արման Սեյրանյանը Երևանի միջազգային առաջնությունում գրավել է մրցանակային 1-ին տեղը:
«Արդեն չորս տարի է` մարզվում եմ։ Առաջանության ընթացքում, ինչ խոսք, դժվարություններ շատ կային, բայց կարողացա գրանցել բավականին լավ արդյունք: Կշարունակեմ պարապել, որպեսզի հետագայում ևս միշտ հաղթանակներ բերեմ հայրենիքիս»,- մեզ հետ զրույցում նշել է Ա. Սեյրանյանը: