Artsakhpress

Հարցազրույց

Որոշեցի իմ ձայնը բարձրացնել Հայաստանի օգտին, որ արդարությունը վերականգնվի. ԵԽ պատգամավոր

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը տևական լուծում կստանա միայն այն դեպքում, եթե բոլոր շահագրգիռ կողմերը, մի կողմ դնելով իրենց տարաձայնություններն ու զգացմունքները, հավաքվեն մի սեղանի շուրջ և փորձեն համաձայնության հասնել:

Որոշեցի իմ ձայնը բարձրացնել Հայաստանի օգտին, որ արդարությունը վերականգնվի. ԵԽ պատգամավոր

Որոշեցի իմ ձայնը բարձրացնել Հայաստանի օգտին, որ արդարությունը վերականգնվի. ԵԽ պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը նորից կակտիվացվի և Եվրամիությունը ավելի ակտիվորեն կմասնակցի հակամարտության կարգավորման գործընթացին:
Լարս Պատրիկ Բերգը մասնավոր այցով Հայաստան էր եկել հայ խորհրդարանականների հետ հանդիպելու և նրանց հետ տնտեսական, քաղաքական, ռազմավարական հարցեր քննարկելու նպատակով: Նա գերմանական Լիբերալ-պահպանողական ռեֆորմիստների կուսակցության անդամ է, ներկայացնում է Եվրախորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցությունը: Լարս Պատրիկ Բերգը նաև Եվրոպական խորհրդարանի Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովի անդամ է: Նախկինում նա մի քանի անգամ այցելել է ոչ միայն ՀՀ, այլև Արցախի Հանրապետություն, ինչի պատճառով հայտնվել է Ադրբեջանի տխրահռչակ «սև ցուցակում»:
- Պարոն Բերգ, վերջին մեկ տարվա ընթացքում՝ գլխավորապես Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով, Հարավային Կովկասում և դրա շուրջ տեղի են ունենում ակտիվ գործընթացներ, առաջ են քաշվում նոր նախաձեռնություններ, որոնք շատ փորձագետների կարծիքով՝ կարող են փոխել ուժերի փոխդասավորությունը ռեգիոնում կամ այլ խոսքերով՝ հանգեցնել տարածաշրջանային նոր ստատուս քվոյի ձևավորմանը: Եվ այդ գործընթացներում ակտիվ դեր են խաղում ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև մերձտարածաշրջանային ազդեցիկ դերակատարները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Նոր ձևաչափեր են առաջարկվում, այդ թվում՝ տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը զուգահեռ: Գերմանիան, որպես Մինսկի խմբի անդամ պետություն և Եվրամիության առաջատար երկրներից մեկը, ի՞նչ դիրքորոշում ունի նշված իրադարձությունների վերաբերյալ:
- Ես, իհարկե, չեմ կարող Գերմանիայի դաշնային կառավարության անունից խոսել, ես Եվրախորհրդարանի անդամ եմ՝ 705-ից մեկը: Ցավոք, նաև արտաքին գործերի նախարար չեմ կամ էլ պետության ղեկավար: Իրականում, այո՛, այս տարածաշրջանում ուժային հարաբերությունների փոփոխություններ են տեղի ունենում: Ես ընդամենը ափսոսում ու ցավում եմ, որ Եվրամիությունը նախկինում ակտիվ ջանքեր չի գործադրել այս ուղղությամբ: Վերջերս Եվրահանձնաժողովի նախագահը ասաց, որ Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա այս տարածաշրջանի հարցերում: Ամբողջ հարցն այն է, որ այս տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է, և կոնֆլիկտն այնպիսին չէ, որ մի քանի օրվա ընթացքում հնարավոր լինի դրան լուծում տալ, և որպես քաղաքական գործիչներ՝ մենք պետք է ոչ թե ցանկությունների հետևից ընկնենք, այլ իրականությունը ճիշտ գնահատենք:
Հայաստանը այնպիսի երկիր է, որի հնարավորությունները թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում շատ սեղմված են, նա չի կարող տարածվել ո՛չ դեպի Արևելք, ո՛չ դեպի Արևմուտք: Այդ ամենով հանդերձ, բնականաբար, կարևոր է, որ մարդիկ Արցախում խաղաղության և կայունության պայմաններում ապրելու հնարավորություն ունենան: Կարծում եմ և հաստատ նոր բան ասած չեմ լինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է նորից ակտիվացվի, որպեսզի Եվրամիությունը հնարավորություն ունենա դրա միջոցով ավելի ակտիվորեն ընդգրկվելու այս գործընթացների մեջ ու նաև մասնակցի նոր ձևաչափերի ստեղծմանը՝ այդ թվում ներգրավելով Ձեր հիշատակած խոշոր դերակատարներին՝ ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի: Իմ՝ որպես Եվրախորհրդարանի շարքային պատգամավորի ցանկությունն է իմ ձայնը բարձրացնել և տալ այն բանի օգտին, որ այս կոնֆլիկտը վերջապես լուծում գտնի:
- Տեղյակ ենք, որ նախկինում մի քանի անգամ եղել եք Արցախում և շատ եք աջակցել արցախահայությանը ազատության և ինքնորոշման համար իրենց պայքարում: Այս անգամ այցելե՞լ եք Լեռնային Ղարաբաղ: Ինչպե՞ս եք պատկերացնում 2020-ի քառասունչորսօրյա պատերազմի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարումը և Արցախի ապաքինումը ստացած ծանր վերքերից:
- Ես հաճույքով կմեկնեի Արցախ նաև այս անգամ, բայց վերջին իրադարձությունների ֆոնին այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այժմ իմ՝ Արցախ մեկնելը սադրիչ բնույթ կարող է ունենալ: Թեև Արցախում ես ճանաչում եմ շատ քաղաքական գործիչների, որոնք թե՛ պատասխանատվություն ունեն, թե՛ ակտիվ են: Ես 2017 թվականին եղել եմ Արցախում, ինձ հետ շատերն են եղել, և հիմա մենք ընդգրկված ենք մեկ ուրիշ պետության «սև ցուցակում», և Արցախ մեկնելը հիմա բավական նրբին հարց է:
Արցախում ես հանդիպումներ եմ ունեցել նախորդ նախագահի՝ Բակո Սահակյանի, այն ժամանակվա արտգործնախարարի՝ Մասիս Մայիլյանի հետ: Ամեն դեպքում կարծում եմ, որ այս ոչ դյուրին խնդիրը, կոնֆլիկտը լուծում կարող է ունենալ, եթե բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես Դուք ասացիք՝ խաղացողները մի սեղանի շուրջ հավաքվեն և որպես քաղաքական գործիչներ և որոշում կայացնողներ կարողանան նաև իրենց տարաձայնությունները, իրենց զգացմունքները մի կողմ դնել և փորձեն գտնել այս խնդրի լավագույն լուծումը:
- Ամենակարևոր, ամենացավոտ ու ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը հայ ռազմագերիների խնդիրն է: Ադրբեջանը, չնայած 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիայի պահանջներին, չի վերադարձնում Բաքվում պահվող անձանց:
- Բնականաբար, շատ կարևոր հարց է, և առաջին հերթին քաղաքացիական անձանց, ինչպես նաև կանոնավոր բանակի ներկայացուցիչների գերությունը և այն պայմանները, որոնք չեն պահպանվում, հակասում են միջազգային բոլոր համաձայնագրերի, այդ թվում՝ Ժնևյան կոնվենցիայի դրույթներին: Մենք առիթ ունեցանք լինելու Հայաստանի ազգային հերոսների պանթեոնում՝ Եռաբլուրում, որտեղից հուզական մեծ տպավորություններով ենք վերադարձել, և այդ տրամադրությունները հաշվի առնելով՝ կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ռազմագերիներին անազատության մեջ են պահում, հանուն խաղաղության և կայունության պետք է հնարավորինս արագ ազատ արձակեն նրանց: Այդ սարսափելի պատերազմում, - չեմ ուզում որևէ զգացմունքային գնահատական տալ այդ պատերազմին, - այնքան զոհեր են եղել, այնքան մարդիկ են զոհվել, որ դա կարող է ատելության զգացմունքների ֆոնի վրա մեծ խոչընդոտ հանդիսանալ այս տարածաշրջանի տևական խաղաղության ճանապարհին:
 
- Ձեր կարծիքով՝ եվրոպական կառույցներում և մասնավորապես Եվրոպական խորհրդարանում ի՞նչ քաղաքական, իրավական և այլ գործիքներ կան ճնշում գործադրելու, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի հայ գերիներին: Մյուս առանցքային խնդիրն այս համատեքստում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն է Արցախի գրավյալ տարածքներում: Ի՞նչ կարելի է անել դա կանխելու համար:
- Շատ լավ հարց եք տալիս, բայց ասեմ Ձեզ, որ խոսքերից բացի՝ ուրիշ գործիքներ, ցավոք, չունենք: Այդուհանդերձ, Եվրամիությունը հանդիսանում է շատ խոշոր առևտրային գործընկեր, հսկա, և եթե մեզ հաջողվի բոլոր անդամ պետություններում այդ մտայնությունը արմատավորել, որ կարող են այդպիսի զարգացումներ լինել, ապա կարելի է շատ հաջողությունների հասնել, բայց եթե ամեն անգամ ասեն՝ «հանուն գազի և նավթի պիտի աչք փակենք», ապա մարդիկ խոսքից այն կողմ չեն էլ անցնի:
Պատերազմի ավարտից հետո ես նամակ գրեցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ խնդրելով իրենից և իրենց կազմակերպությունից կախված ամեն բան անել, որպեսզի այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը վնաս չհասցվի: Որևէ ժողովրդի մշակութային ժառանգության հանդեպ նմանատիպ վերաբերմունքը պատիվ չի բերում այն ժողովուրդներին, որոնք դա անում են, և դա պետք է դիտել ամբողջ աշխարհի՝ ունիվերսալ կտրվածքով: Մինչև հիմա ես տեղյակ չեմ՝ արդյոք ՅՈՒՆԵՍԿՕ-ն համապատասխան առաքելություն ուղարկե՞լ է Արցախ մշակութային ժառանգության պահպանման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Մի քանի ամիս առաջ Եվրախորհրդարանում մենք այդպիսի լսումներ ունեցանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ, բայց մինչ այդ պահը դեռևս նմանատիպ առաքելություն ՅՈՒՆԵՍԿՕ-ից Արցախ չէր մեկնել անվտանգության խնդիրների պատճառով:
Իսկ այն ատելությունը, որն այսօր կա և շարունակվում է, ավելի խորը ատելության և թշնամանքի է տանում՝ ատելություն սերմանելով նաև հաջորդ սերնդի մտածողության մեջ: Այդ իսկ պատճառով պետք է փորձել ավելի լուրջ, ավելի կարող ուժերով դրա դեմն առնել և այնպիսի խորությամբ քայլեր անել հաշտության ուղղությամբ, որ այդ ատելության զգացումը չշարունակվի ու չխորանա նաև գալիք սերունդների մոտ: Անշուշտ, պետք է հաշվի առնել, որ այս կոնֆլիկտը կարճաժամկետ հեռանկարում արագ լուծում դժվար թե ունենա, այն տևական լուծում է պահանջում, բայց պետք է այնպիսի լուծում գտնել, որ բոլոր կողմերը դրանով բավարարվեն:
Շատերն են ինձ Եվրախորհրդարանում հարցնում, թե «ինչո՞ւ ես այդպիսի դիրք գրավում, միևնույն է, արդյունքն այն է, որ մենք այստեղից ոչինչ չենք կարող այնտեղ անել, բայց դրա փոխարեն Ֆեյսբուքում քո գրառումների տակ հայհոյանքներ ես ստանում ադրբեջանցիներից ու թուրքերից»: Ես էլ ասում եմ, որ քաղաքական գործչի կոչումն է այդպիսին, որ նա պետք է իր ձայնը բարձրացնի հօգուտ ինչ-որ խնդրի լուծման և ինչ-որ դրական արդյունքի: Մյուս քաղաքական գործիչներն իրենց ձայնն են բարձրացնում մեկ այլ երկրի համար, ես էլ կուզեմ իմ ձայնը բարձրացնել Հայաստանի օգտին:
- Հավանաբար դա անում եք արդարության համար պայքարելու ձգտումից, մարդասիրական սկզբունքներից ելնելո՞վ:
- Նախ, ասեմ Ձեզ, որ 5 տարի առաջ ես չգիտեի էլ՝ Հայաստանը որտե՞ղ է, բայց տեսնելով, որ կան երկրներ, որոնք օգտվելով ներկա իրողությունների ընձեռած գործիքակազմից՝ լոբբինգ, և այլն, և այլն, շատ ակտիվ գործունեություն են ծավալում նրանց օգտին, ես էլ որոշեցի իմ ձայնը բարձրացնել Հայաստանի օգտին, որպեսզի արդարությունը վերականգնվի: Ի վերջո, կան երկրներ, որոնք չունեն այդ ֆինանսական հնարավորությունները:
Եզրափակելով խոսքս՝ ասեմ, որ ես հյուր եմ եկել ձեր երկիր և տեղյակ լինելով այս երկրի զարգացումներին, այդ ամենով հանդերձ՝ պետք է որպես քաղաքական գործիչ փորձեմ հնարավորինս հավասարակշռված դիրքորոշում արտահայտել՝ բնականաբար չմոռանալով եղած իրողությունները:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search