Artsakhpress

Քաղաքական

Վատիկանի փոխպետքարտուղարը վերահաստատել է Սուրբ Աթոռի աջակցությունը ՀՀ կառավարությանը

Հայաստանում Վատիկանի դիվանագիտական ներկայացուցչության՝ առաքելական նվիրակության բացումը տարածաշրջանում կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություններ ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշը կդառնա Հայաստանի և առհասարակ միջազգային հանրության համար:

Վատիկանի փոխպետքարտուղարը վերահաստատել է Սուրբ Աթոռի աջակցությունը ՀՀ կառավարությանը

Վատիկանի փոխպետքարտուղարը վերահաստատել է Սուրբ Աթոռի աջակցությունը ՀՀ կառավարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էդգար Պենյա Պառան՝ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը:
Էդգար Պենյա Պառայի խոսքով՝ իր պաշտոնական այցը Հայաստան և Հայաստանի արտգործնախարարի հետ բարձր մակարդակի հանդիպումը հաստատում է այն համագործակցային և բարեկամական հարաբերությունները, որ միշտ եղել Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև:
«Ես ողջույններ եմ բերել Հռոմի Ֆրանցիսկոս Պապից, ով վառ հիշողություններ ունի 2016 թվականին Հայաստան կատարած իր այցից և նախագահ Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ վերջերս ունեցած իր հանդիպումից», - ասել է փոխանորդը:
Էդգար Պենյա Պառայի այցի նպատակը, իր խոսքով, Երևանում Սուրբ Աթոռի առաքելական դեսպանատան նվիրակության հանդիսավոր բացումն է: Այդ կապակցությամբ նա խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և կառավարությանը, որոնք դեսպան Կարեն Նազարյանի միջնորդությամբ հորդորել են Սուրբ Աթոռին դիվանագիտական ներկայացուցչություն բացել Հայաստանում:
«Չնայած միջոցների և առկա անձնակազմի սակավությանը՝ ծրագիրը իրականություն դարձավ մի քանի ամիսների ընթացքում, որովհետև մենք բոլորս հավատում էինք դրան: Համոզված եմ, որ այս առաքելական նվիրակությունը Հայաստանի և ընդհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություններ ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ», - ասել է Էդգար Պենյա Պառան:
Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարի խոսքով՝ առաքելական նվիրակության ֆիզիկական ներկայությունը Հայաստանում, անշուշտ, օգտակար կլինի հնարավոր խնդիրների հանգուցալուծման և պատշաճ իրավական միջոցներով բավարար լուծումներ գտնելու հարցում:
Քանի որ հաջորդ տարի նշվելու է Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերությունների վերահաստատման 30-ամյակը՝ Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը այդ կապակցությամբ մաղթել է, որ Երևանում բացվող նոր շինությունը ընդլայնի Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելությունը քաղաքացիական ու պետական մարմինների ուղղությամբ, խթանի Հայ Առաքելական Եկեղեցու հետ եղբայրությունն ու բարեկամությունը և ուժեղացնի կապը տեղական կաթողիկե համայնքի ներսում՝ իր տարբեր ծիսակարգերով հանդերձ:
«Այսօրվա միջոցառումը վկայում է նաև այն հարգանքի մասին, որ Պետրոսի իրավահաջորդը և կաթողիկե եկեղեցին տածում են այս վսեմ հողի նկատմամբ, որտեղ բնակվում է քրիստոնեական հավատն առաջինն ընդունած հինավուրց ժողովրդի մի մասը», - ընդգծել է Էդգար Պենյա Պառան:
Վատիկանի փոխպետքարտուղարը խոսել է նաև Սուրբ Աթոռի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև բարեկամական հարաբերությունների մասին՝ընդգծելով, որ երկու եկեղեցիները հանձնառու են շարունակելու աշխատանքը հանուն ընդհանուր բարօրության:
Պետքարտուղարի փոխանորդի խոսքով՝ կաթողիկե եկեղեցին իր տարբեր ծիսակարգերով ներկա է Հայաստանում բազմատեսակ սոցիալական, կրթական և բարեգործական աշխատանքների միջոցով: Էդգար Պենյա Պառան հատուկ անդրադարձել է 1991 թվականին Հռոմի Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի նախաձեռնությամբ Աշոցքում հիմնադրված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցին, Կարիտասի գրասենյակին, որը Հայաստանում ունի 52 սոցիալ-բժշկական կենտրոն, ինչպես նաև՝ հայաստանյան ավանդույթների ու գրականության տարածմանը, որն այդքան նվիրված ու արդյունավետ իրականացնում են Մխիթարյան միաբանության հայրերը:
«Կարող եմ նաև ավելացնել հաշմանդամների գործող երկու կենտրոնները Երևանում և Սպիտակում, որոնք աշխատեցնում են Կալկաթայի Մայր Թերեզայի գթության քույրերը: Տասնամյակներ շարունակ այս կառույցներն ակտիվորեն աշխատել են հայ հասարակությունում և իրենց նպաստն են բերել ընթացիկ շարժընթացին», - նշել է Վատիկանի ներկայացուցիչը:
Իր խոսքի վերջում Էդգար Պենյա Պառան վերահաստատել է Սուրբ Աթոռի աջակցությունը Հայաստանի կառավարության և միջազգային հանրության օրակարգային հարցերին՝ ուղղված խաղաղությանը և զինաթափմանը, մարդու իրավունքներին, մարդկային և մշակութային զարգացման, կրոնական ազատությունների և շրջակա միջավայրի պաշտպանության ու պահպանության հարցերի առնչությամբ:
«Ես աղոթք եմ բարձրացնում առ Աստված այն հույսով, որ ողջ հայ ազգը կվայելի հարատև խաղաղություն և իրական սոցիալական առաջընթաց՝ շարունակելով այն քրիստոնեական ավանդույթները, որոնք դարեր շարունակ ձեզ են ժառանգել ձեր նախնիները», - այսպես է իր խոսքը եզրափակել Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը:
Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 27-ին: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Search