Artsakhpress

Քաղաքական

Հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի պապին Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար. Արարատ Միրզոյան

Հայաստանում Սուրբ Աթոռի (Վատիկան քաղաք-պետության) նստավայրի՝ առաքելական նվիրակության բացումով նոր էջ կսկսվի Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ:

Հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի պապին Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար. Արարատ Միրզոյան

Հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի պապին Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար. Արարատ Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ուրախ է ողջունել Էդգար Պենյա Պառային Հայաստանում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում:
«Քիչ անց հայ-վատիկանյան մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու՝ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ», - ասել է Արարատ Միրզոյանը:
Ըստ մամուլի համար համատեղ հայտարարության՝ Հայաստանի ԱԳ նախարարը և Վատիկանի պետքարտուղարի փոխանորդը այսօրվա հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկրների միջև հարաբերությունները՝ խարսխված նույն ակունքից սերող քրիստոնեական արժեհամակարգի, պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա:
«Անդրադարձել ենք ՀՀ նախագահի՝ օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին, կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրելը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը», - հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանը շեշտել է՝ Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և անցյալ տարին ևս այդ առումով բացառություն չէր:
Հայաստանի համար հատկանշական և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների ազատ արձակման կոչերը մեծ նշանակություն են ունեցել:
Ինչպես գիտեք՝ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և մենք խնդրում ենք, որ Սուրբ Հայրը՝ Սրբազան Քահանայապետը, իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», - նշել է Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը այժմ վտանգի տակ է:
Այդ առումով կողմերը կարևորել են ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը տվյալ հարցում .«Ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պիտի քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ»:
Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար:
«Մարդկության դեմ այդ հանցագործության դատապարտումը չափազանց կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով», - ասել է արտգործնախարարը:
Հոկտեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 27-ին: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:
Մինչև ՀՀ ԱԳ նախարարի և Վատիկանի փոխպետքարտուղարի համատեղ հայտարարությունը Հայաստանի Արտգործնախարարությունում տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն:
Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 23-ին: Նախքան Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակության բացումը Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի նստավայրը եղել է Թբիլիսիում: 2018 թ. դեկտեմբերի 28-ից Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Կարեն Նազարյանն է:
Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթն ամրագրվել է 2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում հայ հավատացյալներին նվիրված պատարագին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից արված Հայոց ցեղասպանության մասին միանշանակ հայտարարությամբ:
2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Հայաստանի Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Կաթողիկե եկեղեցու հրավերով ժամանել է Հայաստան հովվապետական այցով, որը կրել է «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search