Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո:
Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարության մեջ։
«Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել:
Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում:
Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում:
Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը», -ասված է Հունանյանի հայտարարությունում։
«Ռիա Նովոստին» հայտնել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, և կողմերին սպասվում է ստորագրել եռակողմ հայտարարություններ:
«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», - ասել էր ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու․ Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։