Արցախում երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից, Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի, իսկ վիրավորում ստացած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։
Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` հայ բնակչությանը կոչ անելով չտրվել համացանցում տարածվող ապատեղեկատվությանը կամ չճշտված տեղեկություններին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես` Պաշտպանության բանակի հաղորդագրություններին, քանի որ այս պահին շրջանառվում են իրականության հետ կապ չունեցող, ուռճացված տեղեկություններ։ «Սիրելի ժողովուրդ, պետք է հետևել միմիայն պաշտոնական լրահոսին, առաջին հերթին` Պաշտպանության բանակի տարածած տեղեկատվությանը։ Այս պահի դրությամբ, փառք Աստծո, մենք զոհեր չունենք, և բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չսպառնա։ Ընդհանուր իրավիճակը այդպիսին է, կայուն է հիմա։ Այդ հարցով զբաղվում են նաև խաղաղապահները, անմիջապես եկել են այդ վայրը, այսինքն` խուճապի համար ոչ մի պատճառ չկա», - «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի արտգործնախարարը։