«Նառանե Գոլդ» ՍՊԸ-ն հանդիսանում է պատերազմից հետո Արցախում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող առաջին ընկերությունը, որն ԱՀ Մարտակերտի շրջանում լայն թափով իրականացնում է շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ Խաչենի ձորակում նախաձեռնել է հիմնել հանքաարդյունաբերական ձեռնարկություն:
Ընկերությանն անհրաժեշտ են շինարարներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։««Նառանե Գոլդ» ընկերությունն արդեն մոտ 4 ամիս է՝ նախաձեռնել է իրականացնել հանքաարդյունաբերական ձեռնարկության շենքի կառուցման աշխատանքները։ Այն կունենա երկու տեղամաս: Առաջին տեղամասի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 3 ամսում. այստեղ զբաղվելու են հանքաարդյունաբերական տարբեր մետաղների ձեռքբերմամբ ու մշակմամբ:
Երկրորդ տեղամասը շահագործման կհանձնվի մոտ 6 ամսից, որտեղ արդեն կստանանք լրիվությամբ վերամշակված ապրանքատեսակ:
Այստեղ արդյունաբերվելու են մի քանի տեսակի գունավոր մետաղներ, ինչպես նաև՝ շինանյութ»,- այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նառանե Գոլդ» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սարգսյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ հանքաարդյունաբերական ձեռնարկության շենքի կառուցման աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտելու համար շտապ անհրաժեշտ է շինարարական խումբ՝ տարբեր աշխատանքներ իրականացնելու համար: Նա հավելեց, որ ցանկացողները կարող են զանգահարել 097100777 հեռախոսահամարին: