Սեպտեմբերի 27-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ «Պատերազմի աչքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Ստեփանակերտում «Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդես կկազմակերպվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ցուցահանդեսին կներկայացվեն լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված մոտ 100 լուսանկարներ։ Լուսանկարներում պատկերված են մեր ցավը, խորտակված ճակատագրերը, ապրելու վճռականությունը, ապագայի հանդեպ հավատն ու մեր ամուր տեսակի անքակտելի փաստը:
Այդ լուսանկարները իրենցից ներկայացնում են փաստավավերագրական մեծ արժեքներ»,- «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է Համազգային հայ կրթական միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը և տեղեկացրել, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 12-ը: