Արցախի հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում համաճարաբանական վիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, և պարբերաբար իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ:
Դպրոցների համաճարակաբանական վիճակը վերահսկվում է, պարապմունքներն առցանց հարթակ տեղափոխելու անհրաժեշտություն չկա. պարզաբանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի սանիտարական բժիշկ Էռնա Բաղրյանը:
«Սեպտեմբեր ամսին գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք 15-18 տարեկան դպրոցականների շրջանում: Նրանք վարակվել են ՀՀ֊ում և այժմ մեկուսացված են: Դպրոցներում ախտահանման աշխատանքներ են կատարվում: Երեխաները բուժքույրերի հսկողության տակ են: Կասկածելի ախտանիշներ ունեցող դպրոցականները անմիջապես ուղարկվում են տուն, հետո էլ՝ ստուգման», - ասաց Է. Բաղրյանը:
ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանի խոսքով՝ դպրոցներում ջերմաչափման գործընթացը սկսված է:
«Նախորդ տարվա ընթացքում ուսումնական հաստատություններին տրամադրվել են ջերմաչափեր անհրաժեշտ վերահսկողությունը իրականացնելու համար: Նախարարության կողմից հրահանգ է տրված, որպեսզի դպրոցները պահպանեն հիգիենայի կանոնները և սկսեն ջերմաչափել երեխաներին: Ներկա դրությամբ դասապրոցեսն օնլայն կազմակերպելու անհրաժեշտություն նախարարությունը չի տեսնում», - նշեց Մ. Սարդարյանը: